Հայաստանն առաջին անգամ կմասնակցի «Պատմոս» հոգևոր երաժշտության միջազգային փառատոնին

13:24, 1 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Այբ» դպրոցի երգչախումբը առաջին անգամ Հայաստանը ներկայացնելու է օգոստոսի 27-31-ը Հունաստանի Պատմոս կղզում անցկացվող հոգևոր երաժշտության միջազգային փառատոնին: 18 անդամներից բաղկացած երգչախումբը ներկայանալու է Կոմիտասի, Մակար Եկմալյանի, Երվանդ Երկանյանի, Դանիել Երաժիշտի ստեղծագործություններով: Դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանի խոսքով՝ երգչախումբը նախորդ տարի եւս հրավիրված է եղել մասնակցելու փառատոնին, սակայն Հունաստանի տնտեսական խնդիրների պատճառով փառատոնը չեղյալ էր հայտարարվել:

«Կազմակերպիչները շատ էին տպավորվել երգչախմբի ելույթով Երևանի կամերային երաժշտության տանը եւ որոշել էին մեզ հրավիրել: Թեպետ նախորդ տարի այն չեղարկվեց, այս տարի եւս հնարավորություն ստացանք մասնակցել փառատոնին: Սա այն հազվագյուտ դեպքերից է, երբ  Հունաստանի կարեւորագույն հոգեւոր կենտրոններից մեկում՝ երկրի ամենախոշոր վանքերից Հովհաննես առաքյալի վանքի տարածքում հնչելու է հայ միջնադարյան հոգեւոր երաժշտությունը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց դպրոցի տնօրենը:

Նա ակնկալում է, որ փառատոնը նոր փուլ կբացի երգչախմբի առաջխաղացման ճանապարհին:

«Ի սկզբանե որոշել էինք երգչախմբի ուշադրությունը բևեռել հենց հոգեւոր եւ ազգային երաժշտության վրա, եւ, երեւի թե, հենց այդ հստակ ուղղության, մշտական հետեւողական աշխատանքի շնորհիվ է հնարավոր եղել ունենալ հաջողություններ, որոնք մեծապես նաեւ կախված են եղել երգչախմբի խմբավար Անահիտ Պապայանից:  Հուսամ՝ սա մի նոր փուլ կլինի երգչախմբի համար, քանի որ նման ելույթներից հետո հաճախ են լինում այլ հրավերներ»,- ասաց նա:

Արամ Փախչանյանը, սակայն, տեղեկացրեց, որ դեռեւս առկա են որոշ ֆինանսական խնդիրներ:

«Մեր բոլոր կրթական ծրագրերն իրականացվում են բարերարների աջակցությամբ, եւ ցանկացած մի նախագիծ, որը դուրս է մնում մեր կրթական գործընթացից,  հավելյալ աջակցության կարիք է ունենում: Այդ իսկ պատճառով այժմ դիմել ենք հանրության աջակցությանը, որ հնարավոր լինի գոնե ճանապարհածախսը հոգալ, իսկ Հունաստանում կացության ծախսերը հոգում են փառատոնի կազմակերպիչները»,-եզրափակեց Արամ Փախչանյանը:


© 2009 ARMENPRESS.am