Ֆրանսիայի Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

13:12, 14 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Սենատը հոկտեմբերի 14-ին կայացած քննարկման և քվեարկության արդյունքում ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Օրինագծին կողմ է քվեարկել 156, դեմ` 146 պատգամավոր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը: 

«Սա բավական լուրջ հաջողություն է, զգալի աշխատանք է կատարվել մեր կողմից: Չմոռանանք, որ թուրքերը լուրջ լոբբինգ կատարեցին, բայց Սենատը քվեարկեց այն տարբերակի օգտին, որը քվեարկվել էր ամռանը Ազգային ժողովում: Դա նշանակում է, որ Ֆրանսիայի խորհրդարանը վերջնական ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագիծը»,-ասաց Մուրադ Փափազյանը: Նրա խոսքով, հավանաբար թուրքերը կգտնեն 60 պատգամավոր, որոնք կաջակցեն և հարցը կներկայացվի Սահմանադրական դատարան: Դա նշանակում է, որ այնտեղ ևս կարող է քննարկվել:

 Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի պատգամավորները, հուլիսին միաձայն կողմ են քվեարկել «Հավասարություն և քաղաքացիություն» կոչվող օրինագծի փոփոխություններին, որով պատիժ է սահմանվում մարդկության դեմ գործած բոլոր հանցագործությունները, այդ թվում` Հայոց ցեղասպանությունը ժխտելու և հերքելու համար: Եղան պատգամավորներ, որոնք կարծում էին, որ ընդհանուր օրենքից պետք է բեկանվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին դրույթը, սակայն հայկական համայնքն աշխատանք տարավ, և հասավ նրան, որ Սենատի քննարկմանը ներկայացվի նաև այն տարբերակը, որն ամռանն ընդունվել էր Ստորին պալատում: Այն է` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող դրույթը ներառված:


© 2009 ARMENPRESS.am