ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողներն այցելել են Արդարադատության ակադեմիա

19:24, 16 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության ակադեմիան նոյեմբերի 16-ին հյուրընկալել է  ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողներին: Նախաձեռնությունը Իրավագիտության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությանն էր: Ուսանողները ցանկություն էին հայտնել այցելել Արդարադատության ակադեմիա, հանդիպել ակադեմիայի ռեկտոր, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Առաքելյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արդարադատության ակադեմիայի հանրային կապերի բաժնից ՝ հավելելով. «Հանդիպումն անցավ անկաշկանդ մթնոլորտում՝ հարց ու պատասխանի ձևաչափով: Ուսանողները ռեկտորին դիմեցին ակադեմիայի գործունեությանն առնչվող իրենց հետաքրքրող բազմաթիվ հարցերով:

Ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ողջունեց ապագա իրավաբաններին և հույս հայտնեց, որ նրանց շարքերում են մեր երկրի ապագա դատավորները, դատախազները, քննիչները:

Ովքեր են Արդարադատության ակադեմիայի դասընթացավարները և ինչ սկզբունքով են նրանք ընտրվում, ինչ էական տարբերություններ կան բուհական և ակադեմիական կրթական համակարգերի միջև, ինչպես են մշակվում ուսուցման պլաններն ու առարկայական ծրագրերը, ինչպես է կազմակերպվում թեկնածուների պրակտիկան, ինչպիսին է շրջանավարտների նշանակման կարգը. այս և բազմաթիվ այլ հարցեր էին հետաքրքրում ուսանողներին:

Հարցերին ի պատասխան՝ ռեկտորը ներկայացրեց Արդարադատության ակադեմիա ընդունվելու կարգը՝ մասնավորապես դատավորների, դատախազների, քննիչների թեկնածությունների ցուցակներում ընդգրկվելու ընթացակարգերը: Ռեկտորը անդրադարձավ նաև ակադեմիայում մասնագիտական պատրաստմանն առնչվող մի շարք հարցերի:

Այցի ավարտին ԵՊՀ ուսանողները երախտագիտություն հայտնեցին հետաքրքիր հանդիպման համար»:

 


© 2009 ARMENPRESS.am