Հայաստանում 5 ԾԻԳ-եր են կրճատվել

11:46, 1 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծրագրերի իրականացման գրասենյակների օպտիմալացման ուղղությամբ մինչ այս իրականացրած աշխատանքների ընթացքում ՀՀ կառավարության որոշումներով լուծարվել են հինգ ԾԻԳ-եր: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ այժմ օտարերկրյա և միջազգային վարկային կազմակերպություններից ստացված վարկային միջոցներով ծրագրերն իրականացնում են տասնյոթ նմանատիպ կառույցներ, որտեղ տասնմեկ ԾԻԳ է, մի քանի խմբեր, բաժիններ, փակ բաժնետիրական ընկերություններ և այլն: «Առաջարկում ենք մեկնարկել ԾԻԳ-երի օպտիմալացման հաջորդ փուլը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց վարչապետը և ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանին հանձնարարեց, ներգրավելով ճյուղային պետական մարմինների պատասխանատուներին, բանակցել օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների հետ՝ ԾԻԳ-երի քանակի և դրանց պահպանման ծախսերի կրճատման ուղղությամբ: 

«Առաջարկում ենք քննարկել և նվազեցնել ԾԻԳ-երի քանակն առնվազն կիսով չափ, իսկ դրանց պահպանման ծախսերը մեկ երրորդով: Մենք նախնական հաշվարկել ենք և տասնմեկ  ԾԻԳ-ից պետք է մնա հինգը, բոլոր կողքի կառույցները, բաժինները, ստորաբաժումները պետք է վերանան, Փակ բաժնետիրական ընկերություններում այդ գործառույթներն իրականացնող կառույցներն էլ պետք է օպտիմալացվեն»,- ասաց Կարապետյանը: Հաշվի առնելով, որ բանակցությունների գործընթացը ժամանակատար է՝ վարչապետն առաջարկեց երկշաբաթյա ժամկետում ներկայացնել աշխատանքների իրականացման ժամանակացույցը:


© 2009 ARMENPRESS.am