ՀՀ-ում Վրաստանի դեսպանը համալսարանականներին վրացերեն գրքեր է նվիրաբերել

17:15, 6 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի (ՀՀԻ) հայ-վրացական հարաբերությունների բաժնին նվիրաբերել է  վրացերենին, վրաց գրականությանն ու մատենագրությանը նվիրված 27 անուն գիրք:  «Մայր բուհում վրացերեն են ուսումնասիրում և՛ Հայ բանասիրության, և՛ Պատմության ֆակուլտետներում, նախատեսվում է վրացերենի դասավանդում սկսել նաև Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, ուստի այս գրքերը շատ օգտակար կլինեն ուսանողների, ինչպես նաև ինստիտուտի հայ-վրացական հարաբերությունների բաժնի աշխատակիցների համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է դեսպանը` հավելելով, որ հայ ժողովուրդն իր գիտական և մշակութային ներուժով մեծ դեր է խաղում ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային գիտական ասպարեզում, իսկ Մայր բուհը եղել և շարունակում է մնալ ԱՊՀ առաջատար կրթօջախների շարքում: «Մեր դեսպանատան աշխատակիցները հիմնականում ԵՊՀ շրջանավարտներ են, և ինձ համար էլ մեծ պատիվ է այսօր գտնվել Երևանի պետական համալսարանում: Վստահ եմ, որ նվիրաբերած գրականությունը կօգնի վրացագիտությամբ զբաղվող համալսարանականներին»,- ասել է  դեսպանը:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն էլ հավելել է, որ ԵՊՀ ուսանողները հետաքրքրված են վրացերենի, վրաց գրականության, պատմության ու մշակույթի ուսումնասիրմամբ:


© 2009 ARMENPRESS.am