Ադրբեջանը նոր պատերազմ սանձազերծելու դեպքում դառը պարտություն կկրի ու մի քանի շրջան կկորցնի. Լևոն Տեր-Պետրոսյան

14:40, 17 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ղեկավարությունը չարաչար սխալված կլինի, եթե հայ ժողովրդի խաղաղության ձգտումը թուլության նշան համարի և ավելի կոշտացնի իր դիրքորոշումը ղարաբաղյան հարցում: Հայ ազգային կոնգրես կուսակցության համագումարի ընթացքում իր ելույթում այս մասին ասաց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: «Ապրիլյան պատերազմը, կարծում եմ, նրան ապացուցած պետք է լինի վտանգի պահին հայ ժողովրդի միավորվելու ու ցանկացած ոտնձգության հուժկու հակահարված հասցնելու կարողությունը։ Սեփական նախաձեռնությամբ սանձազերծված հաջորդ պատե­րազ­մում, երբ էլ այն պատահի, Ադրբեջանը, հաստատաբար, դառը պարտություն կկրի ու ևս մի քանի շրջան կկորցնի։ Խոսքը վերաբերվում է հաջորդ պատերազմին, եթե նման փորձ արվի: Իսկ թե դրանից հետո ինչ տեղի կունենա, միայն Աստծուն է հայտնի: Ես այսքանը երաշխավորում եմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Տեր-Պետրոսյանը։

Նա հավելեց, որ հակառակ իր ռազմաշունչ հռետորաբանությանը, Իլհամ Ալիևին  համարում է ռացիոնալ մտածող պետական գործիչ, որն ընդունակ է համաչափ քայլ կատարել խաղաղության հաստատ­ման նաև սեփական ժողովրդին խիստ անհրաժեշտ ուղղու­թյամբ, ինչպես ժամանակին իր «Պատերազմ, թե խաղաղու­թյուն» հոդվածին ընդարձակ ելույթով ողջախոհաբար արձա­գան­քել է նրա հայրը՝ հանգուցյալ Հեյդար Ալիևը։


© 2009 ARMENPRESS.am