Ստամբուլում կրկին ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել

13:54, 21 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի Էսենյուրթ թաղամասում Հունվարի 21-ի առավոտյան հարձակում է կատարվել ոստիկանական բաժանմունքի վրա:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն: Նախնական տեղեկություններով` ոստիկանական բաժանմունքի վրա կատարված հարձակման արդյունքում զոհեր չեն գրանցվել: Ահաբեկիչը փախուստի է դիմել` դեպքի վայրում թողնելով զենքը, մեկ ինքնաշեն պայթուցիկ և պայուսակ:

Ստամբուլում մեկ այլ ոստիկանական բաժանմունքի վրա հարձակում էր տեղի ունեցել հունվարի 20-ին: Հանցագործները ոստիկանության շենքի ուղղությամբ կրակ էին արձակել նռնականետից: Պաշտոնական Անկարան ոստիկանական բաժանմունքների, ինչպես նաև իշխող ԱԶԿ կուսակցության Ստամբուլի գրասենյակի վրա կատարված հարձակումների պատասխանատու է համարում ձախակողմյան արմատական ծայրահեղական խմբավորում համարվող Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցությանը:


© 2009 ARMENPRESS.am