Բերձորի ազատագրման 25-ամյա տոնախմբության օրը համայնքում հանգստյան գոտի կբացվի

17:57, 21 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաշաթաղի Բերձոր համայնքում Երեւանի Նոր Նորք եւ Մալաթիա Սեբաստիա համայնքների աջակցությամբ հանգստյան գոտի կկառուցվի` մանկական խաղահրապարակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Երեւանի քաղաքապետի պատվիրակության Արցախ պաշտոնական այցի շրջանակներում ասել է Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը:

Համապատասխան ոլորտների աշխատակիցներին եղան հանձնարարականներ, որ կատարվեն չափագրումներ և կազմվի նախագիծ ու նախահաշիվ: Ծրագրված է, որ պուրակի բացումը կայանա այս տարվա մայիսի 18-ին` Բերձորի ազատագրման 25-ամյա տոնախմբության օրը:

Արմեն Ուլիխանյանը նշել է, որ Քաշաթաղի տարածքի ազատագրման համար մարտնչել է իր եղբայրը` Ղուկաս Ուլիխանյանը, և Ծաղկաբերդի մատույցներում ծանր վիրավորվել. նույն տեղում նահատակվել են շատ հայորդիներ, այդ թվում նաև` «Նիկոլ Դուման» ջոկատի մարտիկներից: «2015-ի աշնանը Նոր-Նորք վարչական շրջանի կողմից Ծաղկաբերդի Աշոտ Նավասարդյանի անվան միջնակարգ դպրոցի բակում կանգնեցվել է խաչքար-հուշակոթող` նվիրված մարտիրոս քաջորդիներին»,-ասել է նա:

Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանն էլ նշել է, որ աշխատանքներ կկտարվեն նաեւ մարզադպրոցի հիմնանորոգման ուղղությամբ:

Երևանի վարչական շրջանների ղեկավարները տեղեկացրել են  նաև, որ Արցախին մշտապես աջակցելու համար ԼՂՀ Նախագահի և վարչապետի կողմից Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները պարգևատրվել են կառավարական պարգևներով:

Արդեն մի քանի տարի է, ինչ Երևանի քաղաքապետարանի վարչական շրջանները համագործակցում են Արցախի շրջանների հետ: Քաշաթաղի շրջանի հետ համագործակցում են Նոր Նորք և Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանները: 


© 2009 ARMENPRESS.am