ՌԴ Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության ներկայացուցիչները Հայաստանում են

13:19, 24 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի (ՌՆԿ) հրավերով մարտի 23-26-ը Հայաստանում են գտնվում ՌԴ Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության (ՌՆԳ) և ՌԴ Բիզնես նախաձեռնությունների աջակցության Առաջնորդների ակումբի ներկայացուցիչները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնից:

Խմբի 43 անդամները ներկայացնում են տնտեսության տարբեր ոլորտները և մասնավորապես՝ բանկային համակարգ, առևտուր, շինարարություն, անշարժ գույք, իրավաբանական ծառայություններ, ֆինանսական և կառավարչական խորհրդատվություն, ներդրումներ, արդյունաբերություն, սննդարդյունաբերություն և գյուղատնտեսություն, հանրային սնունդ, տեղեկատվական անվտանգություն, կապ, հեռահաղորդակցություն, առողջապահություն և դեղագործություն, էներգետիկա, զբոսաշրջություն, հյուրանոցային բիզնես, մշակութային զարգացում: Այցի շրջանակներում նախատեսվում է քննարել հայ-ռուսական երկկողմ ներդրումային և տնտեսական համագործակցության հնարավորությունները, երկու երկրների գործարար շրջանակների, ինչպես նաև փորձագիտական հանրության փոխգործակցության հնարավորությունները, համատեղ ծրագրերը՝ ներդրումային միջավայրի բարելավման և ավելորդ վարչական խոչընդոտների վերացման վերաբերյալ:

Մարտի 24-ի Ռազմավարական Համաժողովը անդրադարձ է կատարում Հայաստանի՝ ներդրումների համար գրավիչ մի քանի ոլորտներին, մասնավորապես էներգետիկա, գյուղատնտեսություն, դեղագործություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ինչպես նաև ներկայացնում է Հայաստանում գործարարությամբ զբաղվելու հնարավորությունները և առավելությունները:


© 2009 ARMENPRESS.am