Պետական գույքի մասնավորեցման գործընթացը հաջորդ շաբաթ կքննարկվի կառավարությունում

15:28, 30 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունը կառավարությանն է ներկայացրել պետական գույքի մասնավորեցման գործընթացի ու դրանից ակնկալվող միջոցների մասին տեղեկանք: Այդ մասին ի պատասխան ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հարցի՝ կառավարության նիստում ասաց Պետգույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը:

«Տեղեկանքն ամբողջությամբ պատրաստ է և ներառում է նաև օրենսդրական դաշտի փոփոխությունների արդյունքում այն հնարավորությունները, որոնք կարող են ավելացնել պետական բյուջեի եկամուտները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Մարկոսյանը:

Վարչապետը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարեց ներկայացված նյութերի քննարկման նպատակով հաջորդ շաբաթ կազմակերպել խորհրդակցություն: Այնուհետև, Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց՝ աշխատո՞ւմ են Կենտրոնական բանկի հետ, որպեսզի մասնավորեցման գործընթացն իրականացվի կապիտալի շուկայում: «Կա՞ն գոնե ուրվագծեր, թե որ գույքը կամ որ ձեռնարկություններն են այդ ճանապարհով գնալու»,- հարցրեց Կարապետյանը։

Աշոտ Մարկոսյանը պատասխանեց, որ Կենտրոնական բանկի հետ աշխատելով՝ ճանապարհի կեսն անցել են: Ըստ նախնական գնահատականների, բորսայական ճանապարհով մասնավորեցում կարող են անցնել երեք ձեռնարկություններ:  

«Չեմ հասկանում՝ ճանապարհի կեսը որն է, որովհետև ինձ մոտ տեղեկատվություն կա, որ Կենտրոնական բանկի նախաձեռնությունները բավականին երկար են քննարկվում: Ես վստահ չեմ՝ դա այդպես է, թե ոչ, սակայն մյուս հինգշաբթի օրը, խնդրում եմ, ձևակերպեք կոնկրետ հանձնարարական՝ ինչ պետք է անենք, որ այդ գործընթացը տեղից շարժվի»,- արձագանքեց ՀՀ վարչապետը:


© 2009 ARMENPRESS.am