Բժշկական համալսարանում նշվեց Սիրիայի ուսանողական տոնը

17:55, 30 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի ուսանողական օրը մարտի 30-ին  տոնական միջոցառմամբ նշվեց Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ամեն տարի մարտի 30-ին անցկացվում են տարաբնույթ միջոցառումներ, որոնց նպատակն է միավորել աշխարհի տարբեր երկրներում ապրող սիրացիներին, ներկայացնել նրանց մշակույթն ու հարուստ պատմությունը:

Միջոցառմանը ներկա էր ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Մհդ Իսսամ Նայալին, ով ողջունելով սիրահայ ուսանողներին՝ շեշտեց, որ երիտասարդները Սիրիայի ապագան են, վաղվա օրը:

Սիրիացի ուսանողներն իրենց կարևոր տեղն ու դերն ունեն բժշկական համալսարանում սովորող ուսանողների շարքում: Նրանցից շատերն աչքի են ընկնում իրենց բարձր առաջադիմությամբ ու բժիշկ դառնալու դժվարին գործում ջանք ու եռանդ չեն խնայում: Միջոցառումը նախաձեռնել էր Հայաստանում Սիրիայի ուսանողական միությունը՝ Հայաստանում Սիրիայի դեսպանատան հետ համատեղ:

Երաժշտական կատարումներով ելույթ ունեցան ոչ միայն բժշկական համալսարանում, այլև այլ բուհերում սովորող ուսանողներ: Միջոցառումը մեկնարկեց երկու երկրի օրհներգներով:


© 2009 ARMENPRESS.am