Գյուղնախարարը ոլորտի աճի մասին իրականացված կանխատեսումները լիովին հիմնավորված չի համարում

18:33, 30 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարարը խոստովանում է, որ մինչ օրս ոլորտի աճի, կամ նվազման հաշվարկները և կանխատեսումները լիովին հիմնավորված չեն եղել՝ հիմնվելով «հեռախոսային տեղեկատվության» վրա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ասաց, որ այդ նպատակով նախարարությունը բանակցում է միջազգային կառույցների հետ՝ Հայաստանի ողջ գյուղատնտեսության ոլորտը զոնավորելու, արբանյակային նկարահանում իրականացնելու համար, ինչը հստակ պատկերացում կտա այն մասին, թե որ հատվածներում ու մարզերում որ մշակաբույսերն են ցանվում ու ինչ քանակությամբ, որ հողերը չեն օգտագործվում, ինչպիսին է կարկտահարման վնասը, որտեղ կա կոռոզիա եւ այլն:

 «Դրա շնորհիվ հիմնավորված կերպով կիմանանք, թե կոնկրետ ուր ենք գնում եւ ինչ ներուժ ունենք զարգացման․ ներկայիս տվյալներն ամբողջովին թերի չեն, սակայն դրանք հստակ էլ չեն, ավելի շատ՝ ենթադրական են, ու եթե ներկայումս ասենք, որ գյուղատնտեսությունը կաճի այսքան տոկոսով, դրա համար ոչ մի հիմնավորում չի լինելու: Բնակլիմայական պայմանների վրա հույս չդնելու համար այս բազան ստեղծվելու է մի քանի գերատեսչությունների հետ համատեղ, եւ յուրաքանչյուրը կկարողանա ստանալ իր պահանջած տվյալները՝ ամեն ինչի մասին»,- ասաց Առաքելյանը։

Ըստ նախարարի՝ գյուղատնտեսական ապահովագրության առումով ակտիվ աշխատանքներ են կատարվում ծրագրի մշակման ուղղությամբ թե տեղական, եւ թե միջազգային ապահովագրական ընկերությունների հետ, որից հետո կսկսվի ուսումնասիրության փուլը, ապա՝ կմեկնարկի պիլոտային ծրագիրը։ 


© 2009 ARMENPRESS.am