ԵԱՀԿ դիտորդը հույս ունի Հայաստանում տեսնել ընտրությունների նկատմամբ մարդկանց վերաբերմունքի փոփոխություն

15:50, 2 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ դիտորդական առաքելության համակարգող Իգնասիո Սանչես Ամորը հույս է հայտնում, որ սահմանադրական բարեփոխումները Հայաստանում կազդեն ոչ միայն ընտրական գործընթացների վրա, այլ կփոխեն մարդկանց վերաբերմունքն ընտրությունների նկատմամբ: Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 հիմնական դպրոցում տեղակայված 9/18 ընտրատեղամասում լրագրողների հետ զրույցում նա ընդգծեց, որ ապրիլի 2-ին կդիտարկեն ընտրությունները, իսկ գնահատականները կհնչեցնեն ապրիլի 3-ին:

«Մենք կսպասենք վաղվան, որպեսզի քվեարկության ընթացքի վերաբերյալ մեր գնահատականները տանք: Այսօր մենք դիտարկում ենք ու գնահատականներ չենք հնչեցնի գործընթացի հետ կապված»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նա:

Նա հավելեց, որ ԵԱՀԿ-ն Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունները դիտարկելու համար հավատարմագրել է 300 դիտորդ: «Մեր դիտորդները դիտարկում են ընտրությունները հանրապետության ողջ տարածքով: Մենք շնորհակալ ենք Հայաստանի կառավարությանը և ժողովրդին ջերմ ընդունելության համար»,- նշեց Իգնասիո Սանչես Ամորը:

ԵԱՀԿ դիտորդական առաքելության ներկայացուցիչ Բեկկեվորդ Գեեր Յորգենն էլ հրաժարվեց քվեարկության ընթացքի վերաբերյալ գնահատականներ հնչեցնելուց` ընդգծելով, որ գնահատականներ կհնչեցնեն ապրիլի 3-ին, իսկ այս պահին իրենց գործը քվեարկության ընթացքը դիտարկելն է:


© 2009 ARMENPRESS.am