Վրաստանը հետաքրքրված է Մեղրիի ազատ տնտեսական գոտում ներդրումների իրականացմամբ. Կարայան

14:47, 13 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա մայիսին Հայաստանում կանցկացվեն վրացական բիզնեսի օրեր: Կառավարության նիստից հետո այդ մասին տեղեկացրեց Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը՝ անդրադառնալով վրացական կողմի հետ տնտեսական համագործակցությանը: «Վրացի ձեռնարկատերերին կներկայացվեն ոչ միայն հայկական շուկայի, այլև՝ Իրանի սահմանին Մեղրիում ազատ տնտեսական գոտու հնարավորությունները: Այս ազատ տնտեսական գոտում արտադրությունը արտահանման դյուրացված հնարավորություն կտա ոչ միայն դեպի Իրան, այլև Եվրասիական միության մյուս երկրներ: Կունենանք կոնկրետ առարկայական քննարկումներ, Վրաստանը մեծ հետաքրքրություն ունի՝ Մեղրիի հետ ԱՏԳ-ում ներդրումներ իրականացնելու հարցում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կարայանը:  

Ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին կառավարության որոշումն ընդունվել է մարտի 30-ին: Ակնկալվում է, որ այն կսկսի գործունեություն ծավալել արդեն այս տարվա աշնանը:


© 2009 ARMENPRESS.am