Գլեդիս Բերեջիքլյանը Սիդնեյում կմասնակցի Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությանը

12:04, 24 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր Հարավային Ուելսի վարչապետ Գլեդիս Բերեջիքլյանը, ով Հայոց ցեղասպանության վերապրածների ժառանգ է, կգլխավորի բարձրաստիճան անձանց ցուցակը, ովքեր ապրիլի 24-ին Սիդնեյում կմասնակցեն Հայոց ցեղասպանության տարելիցի հիշատակի միջոցառմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը:

Ավստրալիայի ամենամեծ նահանգի վարչապետ Բերեջիքլյանին կմիանան խորհրդարանի անդամ, Ավստրալիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Թրենթ Զիմերմանը, խորհրդարանական Քրեյգ Քելին, այլ օրենսդիրներ, Հունաստանի դեսպանության ներկայացուցիչներ, հոգևորական այրեր, գիտնականներ, տեղի հայկական, հունական, ասորական և հրեական համայնքի ներկայացուցիչներ:

Հայոց ցեղասպանության հիշատակի հանձնաժողովի կողմից կազմակերպված միջոցառմանը ելույթ կունենա Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնի տնօրեն Քեյթ Նահապետյանը, ով կխոսի փոխհատուցման խնդրի մասին:


© 2009 ARMENPRESS.am