Ֆրանսիան հորդորել է ԿԺԴՀ-ին հրաժարվել միջուկային զենքի ստեղծման ծրագրից

17:38, 29 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել` կոչ անելով Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությանը հրաժարվել հրթիռամիջուկային ծրագրից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչ Ռոմեն Նադալը:

«Ֆրանսիան կոչ է անում Հյուսիսային Կորեային անմիջապես հետևել այն պարտավորություններին, որը ստանձնել է միջազգային հանրության դիմաց և իրականացնել միջուկային զենքի և բալիստիկ հրթիռների ստեղծման ծրագրերի լիակատար, վերջնական կրճատում»,- ասվում է հայտարարության մեջ` նշելով, որ հյուսիսկորեական հանրապետության գործողությունները վտանգ են խաղաղության և միջազգային անվտանգության համար:

Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունն ապրիլի 29-ին բալիստիկ հրթիռի է արձակել, որը Պենտագոնի և Ճապոնիայի կառավարության տվյալներով` կարճ ժամանակ անց ընկել է ԿԺԴՀ տարածքի վրա: Հրթիռի արձակումը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից ընդամենը մի քանի ժամ անց, որտեղ ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները խիստ քննադատություններ են հնչեցրել ԿԺԴՀ հասցեին հրթիռամիջուկային ծրագրի մշակման առնչությամբ:

Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղարի տվյալներով` հրթիռը թռել է 50 կմ և ընկել ԿԺԴՀ տարածքում: Չկան տվյալներ այն մասին, թե արդյոք փորձարկումը հաջող է անցել:


© 2009 ARMENPRESS.am