Գյումրիում նշեցին Պարի միջազգային օրը

17:43, 29 Ապրիլ, 2017

ԳՅՈՒՄՐԻ,  29  ԱՊՐԻԼԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Չնայած անձրևոտ եղանակին՝ Գյումրիում նշեցին Պարի միջազգային օրը:
Ապրիլի 29-ին  նշվում է պարի միջազգային օրը: Պարի միջազգային խորհրդի առաջարկությամբ, այդ օրը հռչակել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1982թ.` ի պատիվ բալետի մասնագետ, ֆրանսիացի Ժան Ժորժ Նովերի, ում ծննդյան օրը ապրիլի 29-նն է:  Հայաստանում այն նշվում է 2006 թվականից:
Թեև նախապես հայտարարված պարային խմբերի շքերթը եղանակի պատճառով «Վարդանանց» հրապարակում տեղի չունեցավ, սակայն պարային բոլոր խմբերն իրենց համարներով հանդես եկան Գյումրու քաղաքապետարանի սրահում: Ավելի քան 12 խումբ Գյումրիից և մարզի այլ համայնքներից ներկայացան իրենց համարներով՝  շնորհավորելով պարի նվիրյալների տոնը:
«Սա լավագույն առիթն է  նշելու արվեստի այս ճյուղի նվիրյալների մասնագիտական տոնը: Գյումրիում սա արդեն երկրորդ անգամ է նշվում, հուսանք կդառնա ավանդական»,-«Արմենպրես»-ին տեղեկացրեց Գյումրու «Պարարվեստի դպրոց»-ի տնօրեն Սամվել Գասպարյանը՝ շնորհավորելով պարարվեստի նվիրյալներին, սաներին, պարող-պարուհիներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթելով բոլորին առողջություն ու ստեղծագործական մեծ բեմելներ: 
Օրվա խորհրդով պայմանավորված՝ նույն օրը Գյումրու քաղաքապետարանի ենթակայության Պարարվեստի դպրոցում բացվեց պարարվեստի վարպետ Աղասի Շաբոյանի անունը կրող դասարան: Միջոցառմանը ներկա էր նաև Գյումրու քաղաքապետարանի Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Արտուշ Մկրտչյանը: Վերջինս ներկաներին փոխանցեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի շնորհավորական խոսքն՝ ուղղված պարարվեստի գործիչներին: Աղասի Շաբոյանի անունը կրող դասարանի բացման պատիվը տրվեց վարպետի թոռանը՝ Արմեն Շաբոյանին և Պարարվեստի դպրոցի տնօրեն Սամվել Գասպարյանին:

 

Արմենուհի Մխոյան


© 2009 ARMENPRESS.am