Հայաստանում սոցիալ-ժողովրդագրական վիճակի բարելավմանն ուղղված ծրագրեր են մշակում

17:50, 29 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018-2020 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսված է ՀՀ սոցիալ-ժողովրդագրական վիճակի բարելավման, այդ թվում զբաղվածության ապահովման նոր երեք ծրագրի ներդրում՝ ուղղված երիտասարդ մայրերի աշխատաշուկա մուտք գործելուն, երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու հնարավորությունների մեծացմանը, ինչպես նաև աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ապրիլի 29-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նրա դիտարկմամբ` բարձրացել է ամուսնական, ընտանիքում երեխայի առաջին ծնունդի միջին տարիքը: 

«Հասցեական ծրագրեր ենք նախատեսում դրանց վրա ներազդելու, մարդկանց մտածելակերպը, վարվելակերպը դրականորեն փոխելու ուղղությամբ»,- ասաց նախարարը` հավելելով, որ նախատեսվում է այն մինչև հունիս ներկայացնել կառավարության քննարկմանը և հաստատմանը:

Ասատրյանը տեղեկացրեց նաև, որ հաստատվել են զբաղվածության պետական ծրագրերի իրականացման կարգերում առաջարկվող փոփոխությունները: Առաջարկվող փոփոխություններով կբարձրանա զբաղվածության պետական ծրագրերի արդյունավետությունը՝ սահմանափակ ռեսուրսներով ավելի մեծ քանակությամբ շահառուների զբաղվածության ապահովման համար, ինչպես նաև կպարզեցվի զբաղվածության պետական ծրագրերի իրականացման բիզնես գործընթացները, և ծրագրերը կիրականացվեն մասնագիտական պետական կառույցների հետ համատեղ:

Առաջիկայում կստեղծվի աշխատանքի էլեկտրոնային բորսա, կձևավորվի տեղեկատվական հարթակ, որտեղ գործատուները կարող են առնչվել ոչ միայն աշխատաշուկայում անմրցունակ, այլև՝ բարձր որակավորում ունեցող և աշխատաշուկայում մրցունակ անձանց հետ, ովքեր զբաղվածության կենտրոններում հաշվառված չեն:


© 2009 ARMENPRESS.am