ՃՇՀԱՀ-ում տարբեր երկրներ ներկայացնող դասախոսները հանդես եկան շնորհանդեսներով

21:48, 5 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում մայիսի 5-ին հյուրընկալվեցին տարբեր երկրների ճարտարապետական համալսարանները ներկայացնող դասախոսներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ուսանողների փոխանակման ծրագրի շրջանակում Իսպանիայից, Ֆրանսիայից և Իտալիայից ժամանած դասախոսները և ՃՇՀԱՀ-ի ուսանողները միմյանց ներկայացրեցին իրենց երկրների ճարտարապետական նախագծերը, ինչպես նաև փոխանակվեցին փորձով, մշակույթով և ավանդույթներով:

Ֆրանսիայի Կլերմոն Ֆերանի ազգային ճարտարապետական դպրոցի դասախոս Իվան Կոթյեի խոսքով, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ համագործակցությունը սկսվել է դեռևս 2005 թվականից: «Մեր նպատակն է՝ վեր հանել քաղաքաշինական նոր մոտեցումներ: Դասախոսներն ուսանողներին տալիս են նախագծային հանձնարարություններ և հետաքրքիր է տեսնել, թե ինչպես են նույն խնդրի շուրջ աշխատում տարբեր համալասարանների ուսանողները, ովքեր ունեն նույն հարցի շուրջ տարբեր մոտեցումներ: Դա լեզուների փոխանակում է ճարտարապետության մեջ», -ընդգծեց Կոթյեն: Նրա խոսքով, արդեն չորս տարի է այս համագործակցությանը մասնակցում են նաև Իսպանիայի Կոլոնիայի, ինչպես նաև Ռեգեսբուրգի համալսարանների դասախոսները:

Կոլոնիայի համալսարանի դասախոս Ֆելիպե Պենիեն նշեց, որ նրանց համալսարանը ՃՇՀԱՀ-ի հետ համագործակցում է 2013 թվականից: «Մեզ համար շատ կարևոր է փորձի փոխանակումը, թեև տարածությունը Իսպանիայի և Հայաստանի միջև մեծ է, սակայն նմանությունները շատ են: Այսպիսի միջացառումներով ուսանողներն անդադար նոր գիտելիքներ են ձեռքբերում, որովհետև ամեն անգամ նախագծերը լինում են տարբեր: Այս տարվա հանձնարարությունը եղել է Գյումրիի վերաբերյալ»,- ասաց Պենիեն:

Միլանի Պոլիտեխնիկի ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջև համագործակցության, «Էրազմուս +» ծրագրի շրջանակում իտալացի պրոֆեսորներ Մաուրիցիո Բորիանին և Մարիա Քրիստինա Ջիամբրունոն անցկացրել են աշխատանքային սեմինարներ: Օգտագործելով սեմինարների ընթացքում ձեռք բերած գիտելիքները՝ դեպի Աշտարակ կատարած աշխատանքային այցի ընթացքում դասախոսների և ուսանողների կողմից համատեղ կազմված հայեցակարգի հիման վրա աշխատանքային 5 խմբերի բաժանված ուսանողները մշակեցին քաղաքի առանձին արժեքավոր հատվածների պահպանման և արդիականացման նախագծեր: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի քաղաքաշինության ամբիոնի պրոֆեսոր Աշոտ Կանայանը կարևորեց տարբեր երկրների հետ համագործակցությունը:

«Այս համագործակցության նպատակն իրար ճանաչելն է, միմյանցից սովորելը: Աշխատել այլ կերպ մտածող դպրոցի ներկայացուցչի հետ շատ օգտակար է և մեր, և նրանց համար: Աշխարհում ինչքան էլ գլոբալիզացիոն գործընթացներ ընթանան, միևնույն է տարբեր դպրոցներ ունեն իրենց ուրույն ավանդույթը: Բնականաբար, այս համագործակցությունը շատ օգտակար է», - շեշտեց Կանայանը: Նույն օրը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը հանձնեց մրցանականեր համալսարանի ուսանողներին, ովքեր հաղթել էին Տյումենում կայացած 36 ճարտարապետական դպրոցների մասնակցությամբ մրցույթում:


© 2009 ARMENPRESS.am