Կիևում մեկնարկում է «Եվրատեսիլ 2017»-ի առաջին կիսաեզրափակիչը. Արծվիկը ելույթ է ունենալու 16 համարի ներքո

12:39, 9 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում այսօր` մայիսի 9-ին, կանցկացվի «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկը ելույթ է ունենալու այսօր` 16 համարի ներքո:

«Ընդհանուր առմամբ այստեղ հիանալի մթնոլորտ է: Մեր ներկայացուցչի` Արծվիկի, տրամադրությունը շատ բարձր  է, նա մարտական է տրամադրված և անհամբերությամբ սպասում է իր ելույթին: Արծվիկն ամեն ինչ անելու է լավ ներկայանալու համար»,- Կիևից «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հանրային Հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արուսյակ Զախարյանը: Նա փոխանցեց, որ արդեն տեղի է ունեցել գլխավոր փորձը, որի ընթացքում ժյուրին տվել է իր գնահատականները: Այսօր` մինչ հիմնական ելույթը, նախատեսված է ևս մեկ փորձ: Հիմնական ելույթին արդեն հեռուստադիտողները կկարողանան sms հաղորդագրություններ ուղարկել` քվեարկելով իրենց նախընտրած թեկնածուի օգտին:

Մրցույթը հեռարձակվելու է Հանրային Հեռուստաընկերության և Հնարային ռադիոյի ուղիղ եթերով ժամը 23:00-ին: Այն մեկնաբանելու են Գոհար Գասպարյանն ու Ավետ Բարսեղյանը: Մրցույթի ընթացքում հայաստանյան միավորները կհայտարարի «Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը:

«Այս տարի մեր ներկայացուցչի ելույթի ժամանակ էկրանին երգի ընթացքում ցուցադրվելու են  հայկական զարդարվեստն ու խորհրդանշական թռչնապատկերները` հետաքրքիր գունային մոտեցմամբ: Արծվիկի հետ բեմում կլինեն երկու շվեդ պարուհիներ, ովքեր կրելու են հայկական արծաթյա զարդեր, բեմում նաև կլինեն երեք բեք վոկալիստներ»,-ասաց Արուսյակ Զախարյանը:

Մրցույթի հաջորդ կիսաեզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 13-ին: 


© 2009 ARMENPRESS.am