ՀՀ վարչապետը և Հայաստանում ԱՄՆ դեսպանը քննարկել են երկկողմ տնտեսական գործակցությանն առնչվող հարցեր

16:10, 19 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: 

Կառավարության ղեկավարը կարևորել է նման ձևաչափով պարբերական հանդիպումները, որոնք լավ հնարավորություն են հայ-ամերիկյան համագործակցության ընթացքի և զարգացման հեռանկարների շուրջ մտքեր փոխանակելու համար: 
Դեսպան Միլսն ԱՄՆ կառավարության անունից շնորհավորել է Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: 
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները մտքեր են փոխանակել, մասնավորապես, հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության օրակարգի և համատեղ ծրագրերի շուրջ: Քննարկվել են ներդրումների ներգրավմանը, բիզնես միջավայրի բարելավմանը, հարկային և մաքսային, դատաիրավական ոլորտի բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: 
Կարեն Կարապետյանն ու Ռիչարդ Միլսն անդրադարձել են նաև էներգետիկայի, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում երկկողմ գործակցության խորացման հեռանկարներին:


© 2009 ARMENPRESS.am