Վենեսուելայում բողոքի ակցիայի ընթացքում 55 մարդ է զոհվել

21:59, 24 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայում բողոքի ակցիաների ընթացքում զոհերի թիվը հասել է 55-ի, իսկ վիրավորների թիվը՝ հազարի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա նովոստի»-ն, այս մասին հայտնել է Վենեսուելայի գլխավոր դատախազ Լուիսա Օրտեգա Դիասը:

Օրտեգա Դիասի խոսքով՝ երկրի գլխավոր դատախազությունն այս պահին ուսումնասիրում է շուրջ 1500 գործ՝ կապված բողոքի ակցիաների ընթացքում բռնություն գործադրելու հետ: Իրավապահ մարմինների 19 աշխատակիցների մեղադրանք է առաջադրվել, որոնցից 18-ին կալանավորելու որոշում է կայացվել:

Նա նաև հայտնել է, որ փողոցային անկարգությունների ընթացքում ավերվել և այրվել է գրեթե 350 առևտրի օբյեկտ:

Վենեսուելայում ապրիլի սկզբից զանգվածային բողոքի ակցիաներ են ընթանում այն բանից հետո, երբ Գերագույն դատարանը որոշում է կայացրել լրջորեն սահմանափակել ընդդիմադիր Ազգային ասամբլեայի լիազորությունները: 


© 2009 ARMENPRESS.am