Շուշին Ֆրանսիայի Բուրգ լե Վալանս քաղաքում կներկայանա իր պատմամշակութային կոթողների մասին ցուցահանդեսով

21:35, 24 Մայիս, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24  ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս տարվա դեկտեմբերին Ֆրանսիայի Բուրգ լե Վալանս քաղաք Շուշիի քաղաքապետարանի պատվիրակության այցի շրջանակում նախատեսվում է Բուրգ լե Վալանսում կազմակերպել Շուշիի պատմամշակութային կոթողների մասին ցուցահանդես։ Այս մասին հայտնել է Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը։

«Փոխայցելության հրավեր ունենք Բուրգ լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիենի կողմից և պատրաստվում ենք դեկտեմբերին մասնակցել այդ քաղաքում անցկացվելիք Սուրբ ծննդյան միջոցառմանը: Ծրագրով նախատեսված է նաև մեր պատվիրակության կողմից Շուշիի պատմամշակութային կոթողների մասին ցուցահանդես կազմակերպել»,- նշել է Արծվիկ Սարգսյանը։

Ըստ նրա՝ Շուշին բարեկամական և համագործակցության հռչակագրեր ունի ստորագրած Ֆրանսիայի Բուրգ լե Վալանս, Վիլյորբա և ԱՄՆ Լոս Անջելես քաղաքների հետ: Շուշիի քաղաքապետի խոսքով՝ արդեն երկու անգամ Արցախ է ժամանել Վիլյորբայի քաղաքապետ Ժան-Պոլ Բրետի գլխավորած պատվիրակությունը, որի անդամները ցանկություն են հայտնել աջակցել Շուշիում մշակութային ոլորտի զարգացմանը:


© 2009 ARMENPRESS.am