ՀՀ-ի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագիրը կողմերի միջև համագործակցության նոր հեռանկարներ կբացի

19:27, 25 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդարանը ոգևորված է Հայաստանի և Եվրոպական Միության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր համաձայնագրի նախաստորագրմամբ և պատրաստ է ակտիվ մասնակցություն ունենալ գործընթացում: Մայիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մքալիստերը:

«Այս համաձայնագիրը հիմք կլինի մեր հարաբերությունների խորացման համար և համագործակցության և զարգացման նոր հեռանկարներ կբացի: Կարող եք ակնկալել Եվրոպական խորհրդարանի ակտիվ մասնակցությունը, քանի որ վերջում այս համաձայնագրին պահանջվելու է խորհրդարանի համաձայնությունը: Ուստի այս համաձայնագրի վերաբերյալ զեկույց է պատրաստելու արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, որը հիմք է հանդիսանալու խորհրդարանի համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

Նա հավելեց, որ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է և միևնույն ժամանակ ստորագրում է այս հավակնոտ համաձայնագիրը ԵՄ-ի հետ: «Մենք լիարժեք աջակցություն ենք հայտնում այս համաձայնագրին և վստահ ենք, որ մեր ապագա համագործակցության հիմքում պետք է դրված լինեն միասնական արժեքները»,- եզրափակեց նա: 


© 2009 ARMENPRESS.am