Հայաստանի համայնքները պատրաստ են համապետական շաբաթօրյակին
11:47, 26 Մայիս, 2017ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մաքուր Հայաստան» նախաձեռնության շրջանակում մայիսի 27-ին հանրապետությունում կմեկնարկի համապետական շաբաթօրյակ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ, «Մաքուր Հայաստան» նախաձեռնության միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Վաչե Տերտերյանն «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ զգալի նախապատրաստական աշխատանք է արվել, և համայնքները պատրաստ են շաբաթօրյակին:
«Մոբիլիզացվել են հանրապետական գործադիր մարմինների, մասնավոր ընկերությունների, ինչպես նաև միջոցառմանն օժանդակելու պատրաստ կառույցների ռեսուրսները: Միջոցառումից հետո մենք ամեն ջանք գործադրելու ենք ստացված արդյունքը պահպանելու, շարունակական դարձնելու համար»,-ասաց նա:
Վաչե Տերտերյանը նշեց, որ շաբաթօրյակը խնդիրների օպերատիվ լուծմանն ուղղված հանգրվան է: Արդեն մեկ ամիս է աշխատանք է տարվում բոլոր մարզերում, համայնքներում: Հանրապետությունում առկա 2000-ից ավելի աղբավայրերի պարագայում, տեղեկություն է ստացվել, որ 600-ը կամ փակված են, կամ տեղափոխված: Շուրջ 300 աղբավայրի հետ կապված էլ աշխատանքները շարունակվում են:
«Մեր իրականացրած միջոցառումների արդյունքում պետք է հասնենք աղբահանության, սանիտարական մաքրման գործընթացի արդյունավետության, մատուցվող ծառայությունների որակի բարձրացման: Անհրաժեշտ է հասնել նրան, որ այս գործընթացում ավելի շատ տարածքներ ընդգրկվեն»,-ասաց Վաչե Տերտերյանը:
Նա ընդգծեց, որ մյուս կողմից պետք է աշխատանք տանել նաև բնակչության հետ, որպեսզի որոշակի վարքագիծ որդեգրեն, դրանով իսկ օժանդակելով Հայաստանը մաքուր պահելու հանրային նշանակություն ունեցող համաժողովրդական խնդրին:
© 2009 ARMENPRESS.am