Յուրի Խաչատուրովն Աստանայում հանդիպում կունենա Նուրսուլթան Նազարբաևի հետ

15:48, 23 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը օգոստոսի 23-25-ը կայցելի Ղազախստան, որտեղ հանդիպում կունենա այդ երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

«Օգոստոսի 23-25-ը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը կայցելի Ղազախստանի Հանրապետություն: Այցը տեղի կունենա կազմակերպության անդամ երկրներ այցելությունների շրջանակներում, որոնց նպատակն է քննարկել հավաքական անվտանգության խորհրդի նիստի, արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի, պաշտպանության նախարարների խորհրդի նիստի, ինչպես նաև ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների հանձնաժողովի նիստի նախապատրաստական աշխատանքները, որոնք կկայանան 2017թ. աշնանը Մինսկում»,- ասված է ՀԱՊԿ-ի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի՝ Ղազախստան այցի շրջանակում պլանավորված է նաև հանդիպում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: «Ակնկալվում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը բանակցություններ կունենա նաև Ղազախստանի նախագահի օգնական, անվտանգության խորհրդի քարտուղար Վլադիմիր Ժումականովի, արտաքին գործերի նախարար Կեյրաթ Աբդրախմանովի, պաշտպանության նախարար Սակեն Ժազուսակովի հետ:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am