Նանե Հայրապետյան. Մեկ անգամ Հայաստանում

18:40, 15 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ

Ես էի, աքլորով կինն էր, քույրս էր, ֆրանսիացի ամուսիններն էին, մաման էր, հողագործ պապին էր, ցեխաշոկոլադախառը դեմքով էրեխեքն էին, գնում էինք Տաթև: Ես` ոնց միշտ, ճմռթած դնչով նվնվում եմ, արձակուրդն էլի Տաթևում, ինչը նշանակում էր, որ դպրոցում ամառային արձակուրդի վերաբերյալ շարադրության բովանդակությունը չի փոխվելու: Քույրս` Լուսինեն, ժպիտը մինչև հոգու խորքը դաջել էր: Դե ֆրանսիացիներ կային, կորդեգրեին, կգնար Ֆրանսիա, երազանքն էլ կիրականանար: Շեկ էրեխեքը (սյունեցիները շեկ են)` սպասումով,  որ էլի շոկոլադ են ուտելու ու ցեխով թաթախվեն: Կինն էլ դժգոհ էր, հավանաբար աքլորը չէր վաճառվել:  Հողագործ պապին էլ բերքի դարդերով էր տառապում ու մտքով բաղերում թափ տված թթով հոնի օղին էր թորում: Դե մեր կողմերում մեկ-մեկ պատահում է այդպես:  Ֆրանսիացիների համար էլ մի խինդ, մի ուրախություն, խառը ավտոբուս, ուր ով ասես կար: Չէ ինչ ավտոբուս` հետխորհրդային գազելանման ինչ-որ երևույթ, երևի  «ՌԱՖ», որ եթե լիներ հիմա, հազիվ մի ոտքս կտեղավորվեր: Ու չեմ հասկանում, մարդիկ ո՞նց էին երթևեկում: Պայմանական ավտոբուսի գլխավոր «համեմունքը» շնորհանդեսից թարմ-թարմ դուրս եկած «համով-հոտով ռաբիս 2004» ձայներիզն էր: Ականջակալի գյուտն էլ մեզ դեռ չէր հասել, որ հասներ ինչ պիտի անեինք:

  Ես մոտալուտ ապագան էի գուշակում մտքումս: Դարպասների մոտ կդիմավորի ժպտերես մի աղջիկ, որն ամեն տարի նույն տոնով ու տարբեր լեզուներով պատմում էր Տաթևի վանքի մասին: Առաջին նախադասությունն անփոփոխ էր. «Տաթևի վանքի առաջին եկեղեցին կառուցվել է 4-րդ դարում...», որից հետո  ֆրանսիացիները կասեին. «WOW, really fantastic»: Մինչև ես դպրոցական շարադությունս եմ մտքումս գրում կամ պատկերացնում, փոշուց մառախուղ կապած ճանապարհով հասանք Տաթև:

  Ամեն ինչ կլիներ այնպես, ինչպես մտածել էի, եթե ֆրանսիացի ամուսինները շոկոլադ չհյուրասիրեին: Ես էի, ցեխաշոկոլադախառը դեմքով էրեխեքն էին, նրանց ընկերներն էին, քույրս էր, հողագործ պապին էր, մաման էր, աքլորով կինն էր: Ռուսերեն, անգլերեն, մի քիչ ֆրանսերեն ու գորիսերեն: Խոսեցինք, բացատրեցինք ու ամուսինների հետ գնացինք տեսնելու իրական Տաթևը` ձորը, անապատը, Սատանի կամուրջը, Հալիձորի անտառը: Բայց դրանից առաջ նրանց մի բաժակ տնական թթի օղի էր պետք. հողագործ պապիի թորած թթի օղին ու աքլորով կնոջ պատրաստած բրդուճը:

  Մի անգամ Տաթևում, էրեխեքի հետ, էրեխեքի խելքին ու էրեխեքի ոգևորությամբ:  Ուղղությունը` վերևից ներքև, կամ՝ տիհիրից տուվեր (Գորիսի բարբառով, որն արդեն ասում էին ֆրանսիացիները) փոշոտ ճանապարհով, Սատանի կամրջով, Հալիձորի անտառ: Վերջնակետ չկար, օրն ինչքան հերիքեր: Օրը հերիքեց մինչև Շինուհայր` «Քշքռի միջեր», որտեղից երևում են Խոտ ու Շինուհայր հին գյուղերը, ոլորապտույտ ճանապարհները, Բարձրավանը, բաղերը, անսկեսուր թաղամասը ու Էյֆելյան աշտարակից ավելի սիրուն ձորը:

  Մինչև հոգու խորքը դաջած Լուսինեի ժպիտն արդեն ֆրանսիացի ամուսիններինն էր, իսկ նրանց բոլոր շոկոլադները՝ մերը, հոգնածությունը՝ բոլորինս, իսկ պայմանը մեկը՝ հաջորդ տարի կրկին Հայաստան, ուղղությունը՝ Սյունիք: Ստույգ տեղը` նայած ինչքան շոկոլադ:

Սույն պատմությունը հրապարակվել է «Մեկ անգամ Հայաստանում» մրցույթի շրջանակներում:

Մրցույթին կարող եք մասնակցել և Դուք, մանրամասներին ծանոթանալու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով:

«Մեկ անգամ Հայաստանում» մրցույթի շրջանակում ներկայացված պատմություններում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին և կարող են չհամընկնել «Արմենպրես»-ի տեսակետներին:


© 2009 ARMENPRESS.am