Օտարերկրյա դեսպաններն արձանագրել են հայ իրավապահների առավել քան զուսպ մոտեցումը հավաքի մասնակիցների նկատմամբ. Նալբանդյան

13:24, 23 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա մի շարք դեսպաններ նախորդ օրերին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի կողմից հրավիրված հանդիպումների ժամանակ համաչափ և առավել քան զուսպ են գնահատել հայ իրավապահների մոտեցումները հավաքի մասնակիցների նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարը:

Նալբանդյանը հայտնեց, որ նաև առանձին հանդիպումներ է ունեցել մի շարք օտարերկրյա դեսպանների հետ: «Ես աշխատել եմ որպես դիվանագետ մի շարք երկրներում և գիտեմ, թե այնտեղ ինչպիսի մոտեցում է դրսևորում օրենքի սահմաններում ազատ հավաքների անցկացման վերաբերյալ և թե ինչպես են արձագանքում իշխանությունները և իրավապահ մարմինները: Վստահեցնում եմ, որ ինչպես առանձին հանդիպումների ժամանակ, այնպես էլ դեսպանների ընդհանուր հավաքին, որին հրավիրել էինք, մի շարք դեսպաններ, արձագանքելով նրան, ինչ ներկայացրեցինք, գնահատեցին այն համաչափ և առավել քան զուսպ մոտեցումները, որոնք կիրառվել են իրավապահ մարմինների կողմից»,- ասաց Նալբանդյանը: Նախարարը շեշտեց, որ նման գնահատական միանշանակ հնչել է մի քանի դեսպանի կողմից, և ոչ մի դեսպան հակառակը չի ասել:

Նա հիշեցրեց, որ վերջին 10 օրերի ընթացքում միայն ոստիկանության կողմից շուրջ 4 տասնյակ հայտարարություն է արվել, որոնց մեջ նշում է, որ խախտվում է ՀՀ օրենքը հանրահավաքներ անցկացնելու մասին:

«Բացի հավաքի մասնակիցներից, կան նաև այլ քաղաքացիներ, պետք է նրանց իրավունքները ևս հարգվեն: Չեմ կարծում, որ որևէ երկրում թույլատրելի լիներ սահմանափակել այն անձանց տեղաշարժը, ովքեր չեն մասնակցում ցույցերին: Չեմ կարծում, որ որևէ երկրում թույլատրելի կլիներ ներխուժել դպրոցներ և աշակերտների դիմաց հայհոյել ուսուցիչներին. ինչպե՞ս են հետո այդ ուսուցիչները շարունակելու դասավանդել երեխաներին»,- ասաց ԱԳ նախարարը:


© 2009 ARMENPRESS.am