ԵՄ-ն Հայաստանում նորարարության զարգացման նպատակով կհատկացնի 26 մլն եվրո

14:26, 13 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև նախատեսվում է ստորագրել «Հայաստանում «ԵՄ-ն նորարարության համար» նախաձեռնություն. կրթության բարելավում՝ հատկապես գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտներում» ֆինանսավորման համաձայնագիրը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, կառավարությունը հավանություն տվեց համաձայնագրի ստորագրման մասին նախագծին:

Ըստ հիմնավորման, համաձայնագրի նպատակն է վերացնել աշխատաշուկայի կարիքների և երկրի կրթական համակարգի արդյունքների միջև անջրպետը, կրթական համակարգում ներդնել կրթական տեխնոլոգիաների առկայություն և դասավանդման ժամանակակից մոտեցումներ և շարունակել զարգացնել մարդկային կապիտալը։

Համաձայնագրով նախատեսված է ԹՈՒՄՈ-ի հետ համագործակցությամբ տրամադրել աջակցություն «ԵՄ-ն նորարարության համար. ԹՈՒՄՈ կենտրոն»-ի ստեղծմանը, որը ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) ոլորտի ուսանողներին իրենց մասնագիտական ոլորտի վերաբերյալ գործնական փորձառություն ձեռք բերելու համար հարթակ կտրամադրի։ Ծրագիրը կաջակցի նաև մարզերում ԳՏՃՄ առարկաների դասավանդմանը և ուսուցման գործընթացների ամրապնդմանը։

Համաձայնագրով նախատեսվող ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից` Եվրոպական հարևանության գործիքի շրջանակներում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 26,125 մլն եվրո:

Ակնկալվում է, որ համաձայնագրի իրականացումը կնպաստի Հայաստանի զարգացմանը՝ կրթական համակարգի տարբեր մակարդակներում հատուկ ուշադրություն դարձնելով ԳՏՃՄ կրթության որակին։


© 2009 ARMENPRESS.am