Թաիլանդում շան օգնությամբ փրկվել է թաղված նորածինը

12:32, 18 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թաիլանդի հյուսիս-արեւելքում շան օգնությամբ փրկվել է թաղված նորածինը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Daily Mail»-ը: Պինգ Պոնգ անունով շան տերը դաշտում զբոսնելիս նկատել է, որ կենդանին սկսել է տարօրինակ հաչել և քանդել հողը: Շան տերը մոտեցել է և նկատել նորածին երեխայի ոտք: Դուրս բերելով երեխային՝ տղամարդը նրան շտապ հասցրել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները առաջին օգնություն են ցույց տվել, զննել և եկել եզրակացության, որ նա չունի լուրջ վնասվածք:

Տղամարդու խոսքով, ապշեցրել է Պինգ Պոնգի քայլը: «Նա հերոս է, որովհետև փրկել է նորածին տղայի կյանքը»,-ասել է նա:

Ոստիկաններին հաջողվել է գտնել երեխայի մորը, ով 15 տարեկան է: Աղջիկը խոստովանել է, որ այդ քայլին գնացել է՝ վախենալով ծնողների վերաբերմունքից: Աղջկան մեղադրանք է առաջադրվել մահափորձի հիմքով:

Աղջկա հայրը հայտարարել է, որ պատրաստ է վերցնել թոռնիկին, սակայն ներկայում երեխայի հետ կապված հարցերը կարգավորում են սոցիալական աշխատողները:


© 2009 ARMENPRESS.am