Ծառուկյանն անդրադարձել է մանդատը վայր դնելու վերաբերյալ Ուրիխանյանի հայտարարությանը

12:52, 9 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության և խմբակցության պատգմավոր Տիգրան Ուրիխանյանի միջև թիմի ներսում ոչ մի խնդիր չկա:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչն է պատճառը, որ պատգամավորը հրաժարականի մասին է խոսել։ Արդյո՞ք թիմի ներսում խնդիրներ կան:

«Ոչ մի խնդիր չկա: Ինքը դրա բացատրությունը տվել է, կգա անձամբ, իրենից կլսեք: Խմբակցությունում ոչ մի խնդիր չկա»,-ասաց Ծառուկյանը:

Ուրիխանյանը հունիսի 14-ին «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել էր, որ եկել է աշխատանքային լիազորությունները դադարեցնելու պահը՝ նշելով, որ պատճառների մասին կխոսի ավելի ուշ: Ավելի ուշ հունիսի 26-ին անդրադառնալով իր հայտարարության վերաբերյալ խոսակցություններին՝ գրառում էր կատարել. «Խնդրում եմ ենթադրություններ չանել, առավել ևս, չտրվել այլոց երևակայության ազդեցությանը։ Ասելիքս մեկն էր ու չափազանց պարզ՝ հայտնել էի աշխատանքային լիազորություններս դադարեցնելու մասին՝ միևնույն ժամանակ նշելով, որ ամեն ինչ առջևում է, իսկ վաղվա օրը լի է հաղթանակներով։ Որոշումս կապված է ոչ քաղաքական հարցերի հետ, իսկ երբ կրկին անցնեմ աշխատանքային լիազորություններիս իրականացմանը, ինչպես միշտ գործելու եմ հանուն քաղաքացիների շահի ու ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը»:

ԱԺ փոխխոսնակ, խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն ավելի վաղ նշել էր, որ Ուրիխանյանի՝ մանդատը վայր դնելու մասին դիմում չի տեսել:


© 2009 ARMENPRESS.am