«Իմ քայլը» խմբակցության  պատգամավորները չեն շտապում մեկնաբանել Վանեցյանի հրաժարականը

12:07, 17 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները տեղյակ չեն, թե ինչու է Արթուր Վանեցյանը հրաժարական տվել ԱԱԾ տնօրենի պաշտոնից և թե ինչով է պայմանավորված վերջինիս հայտարարության բովանդակությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորներն այս թեմայի մասին խոսեցին ԱԺ ճեպազրույցում՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

Խմբակցության  անդամ Սուրեն Գրիգորյանը շեշտեց՝ չի ենթադրվում, որ ամեն պատգամավոր պետք է իմանա հրաժարականի կամ ազատման նախապատմությունը:  

«Հայտարարության տեքստը կարող է պայմանավորված լինել հարյուր բանով, կարող է պայմանավորված լինել լարված հարաբերություններով, նրանով, որ Վանեցյանը գտնում է, թե իշխանությունը առաջնայինը երկրորդայինից տարբերելու ունակություն չունի, իսկ իշխանությունը գտնում է, որ ունի, կարող է տարրական անհամաձայնության պատճառ լինել: Սակայն գուշակությամբ զբաղվելը շատ անշնորհակալ գործ է»,-ասաց Գրիգորյանն ու հավելեց՝ չգիտի, թե Վանեցյանի վերջին հայտարարության տեքստն ինչու է այդպես գրվել, հրաժարականին և ազատմանը բերած պատճառներին նույնպես հանգամանալից տեղյակ չէ:

Նա շեշտեց՝ կա իշխանությունների և գործառույթների բաժանում, մանրամասներն իրեն՝ որպես պատգամավորի հետաքրքիր չեն:

Արուսյակ Ջուլհակյանը ևս հավելյալ մեկնաբանություններ չտվեց: Նա նշեց՝ կարծում է, որ վարչապետն ու նրա խոսնակը բավականին հանգամանալից անդրադարձել են թեմային: «Ինձ համար հստակ է, որ Վանեցյանն, ըստ էության, չի համապատասխանել այն ակնկալիքներին, որը նրա նկատմամբ ունեցել է քաղաքական մեծամասնությունը»,-նշեց Ջուլհակյանը:


© 2009 ARMENPRESS.am