Տիգրան Խաչատրյանը ՎԶԵԲ ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության առաջնահերթությունները
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ ֆինանսների նախարարը սեպտեմբերի 7-ին ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կովկասի, Մոլդովայի եւ Բելառուսի տարածաշրջանային տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենին եւ ՎԶԵԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեին:
«Նախարարը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար կարեւորագույն գործընկերներից մեկն է, ինչը պայմանավորված է ոչ միայն համագործակցության ֆինանսական բաղադրիչով, այլեւ այն փիլիսոփայությամբ, որ կազմակերպությունը բերում է Հայաստան՝ դրանով իսկ նպաստելով ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածի զարգացմանը»,- ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնում են ֆինանսների նախարարությունից:
Ըստ նախարարի՝ ՎԶԵԲ-ի հետ համագործակցության մակարդակը բավականին բարձր է, եւ առկա են անհրաժեշտ նախադրյալները՝ առաջ մղելու եւ արդյունավետ իրականացնելու բոլոր համատեղ ծրագրերն ու գաղափարները:
Տիգրան Խաչատրյանը կարեւորել է ՎԶԵԲ-ի հետ համագործակցությամբ տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը եւ առանձնակի շեշտադրել Հայաստանում կապիտալ շուկայի զարգացմանը նպաստող քայլերի կարեւորությունը:
ՎԶԵԲ ներկայացուցիչը հայտնել է ՎԶԵԲ պատրաստակամությունը՝ մաս կազմելու եւ նպաստելու Հայաստանի հետագա զարգացմանը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության առանցքային ուղղությունների, մասնավորապես՝ ենթակառուցվածքային ծրագրերի եւ դրանց հեռանկարի շուրջ: Երկուստեք կարեւորվել է Հայաստանում առկա մակրոտնտեսական կայունությունը՝ ներդրումային բարենպաստ միջավայր ունենալու տեսանկյունից: