Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ամփոփեց օրվա ընթացքում ունեցած հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ամփոփեց օրվա ընթացքում ունեցած հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ներկայացրել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից մայիսի 18-ին քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների, մշակութային գործիչների և նախկին սպայակազմի հետ ունեցած հանդիպումների արդյունքերը և տեղեկացրել առաջիկա օրերին իրականացվելիք ծրագրերի մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մայիսի 18-ին Հայաստանի որոշ կուսակցությունների ներկայացուցիչների և հասարակական գործիչների հետ ունեցած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում կիսվեց տպավորություններով և հայտնեց՝ որևէ պաշտոնական որոշում չկա այն մասին, թե հենց ինքը պետք է լինի շարժման արդյունքում ձևավորվելիք հնարավոր նոր իշխանության վարչապետի թեկնածուն։

«Իրենք (խմբ․ մայիսի 18-ի հանդիպմանը մասնակցած կուսակցությունների ներկայացուցիչները) ցանկություն են արտահայտել, համախոհություն են արտահայտել այս ամբողջ շարժմանը, առաջադրված գաղափարներին նաև ապագայի պատկերացումներին»,-հայտարարեց արքեպիսկոպոս Գալստանյանը՝ խոսելով հանդիպման ընթացքի և քննարկումների բովանդակության մասին։

Անդրադառնալով այն հարցին, թե ե՞րբ է հայտարարվելու շարժման վարչապետի թեկնածուի անունը՝ նա կրկին վերահաստատեց, որ դրա մասին դեռևս որոշում չկա, իսկ իր հնարավոր թեկնածության մասին խոսակցությունները քաղաքական կուսակցությունների ըմբռնումներն ու ցանկություններն են, և դա պաշտոնական որոշում չէ։ 

Նա նաև նշեց, որ այդ հարցով պետք է հանդիպի Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին։

Այնուհետև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպում ունեցավ ՀՀ մշակութային գործիչների հետ, որի ընթացքում ներկայացրեց մինչև այս կատարած աշխատանքները, ինչպես նաև տեղեկացրեց առաջիկա օրերին սպասվող գործողությունների և ծրագրերի մասին։

«Այս մեկ շաբաթվա մեջ մենք տարբեր հանդիպումներ են ունենալու և կիրակի օրը՝ մայիսի 26-ին, մեր կարևոր հանրահավաքն է լինելու»,- ասաց արքեպիսկոպոսը՝ հավելելով, որ շարժումը սկսելու է հստակ նախաձեռնությունների իրականացումը։

Եզրափակելով միտքը՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կարևորեց մշակութային գործիչների ակտիվությունը, քանի որ վերջիններս հանրության շրջանում մեծ վստահություն ու ազդեցություն ունեն։

Մշակութային գործիչների հետ ունեցած հանդիպումից հետո Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպեց նաև պաշտոնաթող սպայական կազմի հետ, որից հետո չցանկացավ մանրամասներ հայտնել քննարկումից և պարզապես հայտարարեց, որ պաշտոնաթող սպայակազմը ևս հանդես է եկել առաջարկություններով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am