Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը

Armenpress 09:52, 26 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հնդկաստանում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների 7 փուլերից երկրորդը։ Սա համարվում է աշխարհի ամենամասշտաբային ընտրություններից մեկը։ Երկրորդ փուլի ընթացքում՝ ապրիլի 26-ին, քվեարկությանը կարող է մասնակցել շուրջ 106 միլիոն ընտրող։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Երկիրն ընտրում է խորհրդարանի ստորին պալատի՝ Լոկ Սաբհայի պատգամավորներին։ Ընտրությունների արդյունքները հայտնի կդառնան հունիսի 4-ին։

Խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում Հնդկաստանի 21 նահանգներում և տարածքներում քվեարկել է ավելի քան 100 միլիոն մարդ։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին պայքարում է երրորդ ժամկետով ընտրվելու համար։ Նրա «Հնդկաստանի ժողովրդական կուսակցությունը» (BJP – Bharatiya Janata Party) կուսակցությունը և ընդդիմադիր «Կոնգրես» կուսակցությունը երկուսն էլ խոստացել են աշխատատեղեր ստեղծել երկրում, սակայն այդ նպատակին հասնելու, ինչպես նաև պետական ծախսերի նրանց տեսլականները տարբերվում են։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am