Նոր ձայնագրություններ, համերգներ. Կոնստանտին Օրբելյանը չի կորցնում կապը հայ ստեղծագործողների հետ
ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիրիժոր, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը, որը Նյու-Յորքի քաղաքային օպերայի երաժշտական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է, հյուրախաղերով հանդես է գալիս աշխարհի հեղինակավոր բեմերում, նոր ձայնագրություններ թողարկում՝ չկորցնելով կապը հայ ստեղծագործողների հետ:
«Արմենպրես»-ը ներկայացնում է դիրիժորի հետ զրույցը Օրբելյանի հյուրախաղերի, գործունեության ու ծրագրերի մասին:
-Ուրախությամբ հետևում ենք Ձեր ելույթներին աշխարհի տարբեր բեմերում և այնպիսի տպավորություն է, որ այս տարվա հյուրախաղերը շատ են և բազմազան։
-Այո, դուք իրավացի եք. այս տարին նույնպես անչափ հագեցած է հյուրախաղերով, աշխարհի տարբեր բեմերում ելույթներով։ Ուրախ եմ, որ իմ մասնակցությամբ կարողանում եմ նպաստել տարբեր երկրներում մշակութային նախագծերի իրագործմանը։ Հյուրախաղերն իրականացվում են Նյու Յորքի քաղաքային օպերային թատրոնում և Կաունասի սիմֆոնիկ նվագախմբում իմ հիմնական աշխատանքին զուգընթաց։ Նաև ձայնագրություններն են կարևոր տեղ զբաղեցնում իմ գործունեության մեջ։
-Անցյալ տարի հայ արտիստների մասնակցությամբ շքեղ ալբոմներ ձայնագրեցիք, իսկ այս տարին մեկնարկեցիք «Delos Music» աշխարհահռչակ ընկերությունում նոր ձայնագրությամբ, ինչի առթիվ շնորհավորում ենք։
-Շնորհակալություն գնահատանքի և իմ գործունեության նկատմամբ ցուցաբերվող հետաքրքրության համար։ Նախորդ տարի տաղանդաշատ արտիստներ Լիպարիտ Ավետիսյանի և Գևորգ Հակոբյանի մասնակցությամբ ձայնագրություններ արեցինք, իսկ այս տարեսկզբին Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի և շնորհալի թավջութակահարուհի Քրիստինա Ռեյկո Կուպերի մասնակցությամբ «Delos Music»-ում նոր ձայնագրություն իրականացրինք։ Հուսամ՝ հայ արտիստների մասնակցությամբ առաջիկայում դարձյալ նոր ալբոմներ կթողարկենք:
-Որքանով նկատել ենք Դուք մշտապես ակտիվ ստեղծագործական կապի մեջ եք հայ արտիստների հետ։
-Ես բոլոր հնարավոր առիթներով փորձում եմ ակտիվ պահել իմ կապը հայազգի իմ բոլոր ընկերների, բարեկամների հետ։ Մշտապես նորանոր գաղափարներ ենք իրագործում, քննարկում տարատեսակ ստեղծագործական ծրագրեր։ Սա անդադար և շարունակական պրոցես է։
-Պարոն Օրբելյան, օրերս Ձեր ղեկավարությամբ Ռումինիայում շքեղ համերգային տոն կայացավ։ Մենք առիթ ունեցանք այդ ելույթը վայելելու հեռուստատեսային հեռարձակմամբ...
-Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում կայացավ ամենամյա «Մեծ օպերային պարահանդես»-ը, որը կազմակերպվում էր 29-րդ անգամ։ Հանդես եկան տենոր Սթիվեն Կոստելլոն, սոպրանո Եկատերինա Սյուրինան և սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին՝ Ռումինիայի օպերայի և բալետի թատրոնի նվագախմբի մասնակցությամբ։ Ի դեպ, Սթիվեն Կոստելլոն և Ֆեդերիկո Մոնդելչին իմ հրավերով հանդես են եկել նաև Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Անչափ հետաքրքիր ձևաչափ էր. հանդիսատեսին նույնպես հնարավորություն է տրվում անմիջական մասնակցություն ունենալ համերգային ներկայացմանը։
-Հագեցած ստեղծագործական տարի է, և կարծում եմ՝ զրույցի նյութ դեռ կլինի, բայց եթե դեմ չեք, անդրադառնանք Ձեր ղեկավարությամբ Բուխարեստում տեղի ունեցած համերգին։
-Փետրվարի 22-23-ին Բուխարեստի ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ վիրտուոզ ջութակահարուհի Միխայելա Մարտինի հետ ներկայացրինք Հարությունյանի, Խաչատրյանի ստեղծագործություններից և Չայկովսկու 5-րդ սիմֆոնիան։ Ռումինիայի ազգային թատրոնում էլ տեղի ունեցավ շնորհաշատ սոպրանո Լալի Խաբալովայի դեբյուտը։ Կարծում եմ ՝գեղեցիկ համերգային երեկո էր։
-Ուրախ կլինենք պարբերաբար հայ լսարանին իրազեկել Ձեր ընթացիկ ծրագրերի մասին։
-Ես նույնպես ուրախ եմ, որ առիթ եղավ զրուցելու և խնդրում եմ փոխանցել ջերմագին ողջույններս իմ հայրենակիցներին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում