ՀՀ ՄԻՊ-ը Հս. Մակեդոնիայի պատվիրակությանը ներկայացրել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի աշխատանքները
ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ապրիլի 10-ին հյուրընկալել է Հյուսիսային Մակեդոնիայի պետական համակարգի աշխատակիցներին` «ՍՕՍ Մանկական Գյուղեր»-ի Հյուսիսային Մակեդոնիայի և Հայաստանի ղեկավարության ուղեկցությամբ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, այցի նպատակն էր ծանոթանալ ՀՀ-ում երեխաների և երիտասարդների իրավունքներին առնչվող հարցերին, այս ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի ուղղություններին և լիազորությունների շրջանակին։
Ըստ աղբյուրի՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ երեխաների իրավունքների պաշտպանությունն իր աշխատանքի կարևոր ուղղություններից է։ Այս տեսանկյունից շատ կարևոր է ոլորտի շահագրգիռ կառույցների և կազմակերպությունների հետ արդյունավետ համագործակցությունը՝ խնդիրները վեր հանելու, արդյունավետ լուծման ուղիներ գտնելու տեսանկյունից։ Այդ առումով Անահիտ Մանասյանն ընդգծել է Պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների հարցերով հասարակական խորհրդի գործունեության կարևորությունը։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները ներկայացրել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքները, անդրադարձել կյանքի դժվարին պայմաններում հայտնված երեխաների և երիտասարդների աջակցության ծրագրերին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների իրավունքների պաշտպանությանը, պատասխանել պատվիրակության անդամների հարցերին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում