Երևանում՝ 11:07,   28 Մայիս 2024

Հայաստանն ու Իսպանիան սպորտի ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել

Հայաստանն ու Իսպանիան սպորտի ոլորտում համագործակցության հուշագիր են 
ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսպանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իսպանիայի կրթության, մասնագիտական ուսուցման և սպորտի նախարար Պիլար Ալեգրիայի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իսպանիա երկկողմ կապերի ամրապնդման, համատեղ ծրագրերի իրականացման հարցերը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ Հայաստանը կրթական բոլոր մակարդակներում ակտիվ բարեփոխումների փուլում է գտնվում: Ներկայացնելով բարեփոխումները՝ նախարարը նշել է, որ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդրվում է հանրակրթության նոր չափորոշիչը, որտեղ մեծ տեղ է հատկացվում ԲՏՃՄ և օտար լեզուների ուղղությամբ կրթությանը:

Իսպանիայի կրթության, մասնագիտական ուսուցման և սպորտի նախարարի հետ հանդիպմանը քննարկվել են ուսումնական հաստատությունների կառավարմանը, ուսումնական հաստատություններում սովորողների կրթության որակի բարձրացման վրա ազդող գործոններին և սովորողների ուսումնառության մոտիվացիայի բարձրացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև մասնագիտական կրթությանն ու իսպաներենի ուսուցմանն առնչվող հարցերին:

Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու Իսպանիայի կրթության, մասնագիտական ուսուցման և սպորտի նախարար Պիլար Ալեգրիան ստորագրել են սպորտի ոլորտում համագործակցության հուշագիր:

Ըստ փոխըմբռնման հուշագրի՝ կողմերը կզարգացնեն հարաբերությունները սպորտի ոլորտում՝ հաշվի առնելով, որ սպորտն ամուր հենասյուն է բարեկամական հարաբերությունների և փոխըմբռնման ամրապնդման համար։

Կողմերը հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ համագործակցելու սպորտային բժշկության, ​հակադոպինգային գործունեության, ​խոշոր մարզական միջոցառումների կազմակերպման, սպորտի ոլորտում մասնագետների և ղեկավարների վերապատրաստման, երիտասարդ մարզիկների ձևավորման, սպորտում կանանց ներգրավվածության բարձրացման և այլ ուղղություններով: Կողմերը կհամագործակցեն  նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում սպորտի կառավարման մոդելի զարգացմանը և այդ համատեքստում քննարկվել իսպանական փորձի ուսումնասիրության հնարավորությունը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է իսպանական կողմի՝ Հայաստանում անցկացվող միջազգային խոշոր մարզական միջոցառումներին ակտիվ մասնակցությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am