Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Թանգարանների միջազգային օրը բոլոր թանգարանների մուտքն անվճար կլինի

Թանգարանների միջազգային օրը բոլոր թանգարանների մուտքն անվճար կլինի

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024 թվականի մայիսի 18-ին հրավիրում է նշելու Թանգարանների միջազգային օրն ու մասնակցելու «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ այդ օրը ծրագրին միացած 118 թանգարանները բոլոր այցելուների համար անվճար սկզբունքով բաց կլինեն ժամը 11:00-24:00-ն:

2.jpeg (106 KB)

Յուրաքանչյուր տարի Թանգարանների միջազգային օրվա շրջանակում թանգարանները ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, համախմբվում են մեկ խորագրի շուրջ՝ ներկայանալով համահունչ միջոցառումներով, ցուցահանդեսներով և կրթական ծրագրերով՝ ընդգծելով թանգարանների ներդրումը հասարակության ներդաշնակ և կայուն զարգացման գործընթացներում:

Այս տարի Թանգարանների միջազգային օրն անցկացվելու է «Թանգարաններ, կրթություն և հետազոտություն» խորագրով, որն արտացոլում է թանգարանների առանցքային դերը՝ որպես կրթության և հետազոտության կենսունակ տարածքներ, որոնք խթանում են նորարարական հետազոտությունները և բացահայտումները:

Թանգարանների միջազգային խորհուրդը որպես 2024 թվականի միջազգային օրվա հիմնական ուղերձներ սահմանել է կրթության հզորացումը, հետազոտական համագործակցությունը, թվային ուսումնառության միջավայրը, ներառական նախաձեռնությունները և համընդհանուր ժառանգության պահպանությունը:

Հայաստանում 2024 թվականը նշանակալից էր թանգարանների ոլորտի բարեփոխումներով. ընդունվել է «Թանգարանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որով առաջին անգամ անկախ Հայաստանի պատմության մեջ թանգարանների ոլորտն ունեցել է հիմնարար մայր օրենք։ Հատկանշական է, որ «Թանգարանների մասին» ՀՀ օրենքում թանգարանային կրթության բաղադրիչն ամրագրված է որպես պարտադիր գործառույթ։

Կարևոր բարեփոխումներ են տեղի ունեցել թանգարանների կառավարման ոլորտում: Ստեղծվել է «Մշակույթի զարգացման» հիմնադրամը, որի գործունեությունը միտված է նպաստելու թանգարանների կրթական ներուժի զարգացմանը, կրթական և հետազոտական առաքելության արժևորմանը: Յուրաքանչյուր տարի հայաստանյան թանգարաններն իրականացնում են բազմաբնույթ կրթական և հետազոտական ծրագրեր՝ նախատեսված տարբեր տարիքային և սոցիալական լսարանների համար: 2023 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության թանգարաններում իրականացվել է շուրջ 1250 կրթական ծրագիր, որին մասնակցել է 30 600 այցելու:

«Թանգարանների գիշեր» ծրագրին միացած 118 թանգարաններ՝ որպես մշակութային երկխոսության հարթակներ, բազմաբովանդակ միջոցառումներով մայիսի 18-ին իրենց դռները կբացեն հասարակության առջև: Մեկ անգամ ևս կվերահաստատվի թանգարանների կարևոր առաքելությունը նորօրյա մարտահրավերների դիմագրավման, մշակութային ժառանգության պահպանության և բարեկեցիկ հասարակությունների ձևավորման համատեքստում:

Թանգարանների միջազգային օրը հռչակվել է 1977 թվականին Թանգարանների միջազգային խորհրդի կողմից (ԻԿՕՄ)՝ նպատակ ունենալով համախմբել թանգարանները հասարակության և մարդկության առջև ծառացած գլոբալ մարտահրավերների շուրջ, միաժամանակ բարձրացնել հանրային իրազեկվածությունը՝ մարտահրավերների դիմագրավման, թանգարանների կարևորագույն դերի և հնարավորությունների մասին:

«Թանգարանների գիշեր» ծրագիրը անցկացվում է 2005 թվականից Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ` ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրախորհրդի հովանավորությամբ: Հայաստանը միացել է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը 2005 թվականից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am