Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Փաշինյանը հույս է հայտնել, որ համաշխարհային ժողովրդավարությունը կանգնած է Հայաստանի կողքին մարտահրավերները հաղթահարելու հարցում

Փաշինյանը հույս է հայտնել, որ համաշխարհային ժողովրդավարությունը կանգնած 
է Հայաստանի կողքին մարտահրավերները հաղթահարելու հարցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ժողովրդավարության առաջընթացը գնահատելու համար անհրաժեշտ է նշել, որ ժողովրդավարական բարեփոխումների հետ մեկտեղ Հայաստանը դիմակայել է արտաքին անվտանգության մարտահրավերներին:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին» և մասնակցելով  «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (“From the frontline: Armenia’s defence of democracy”) թեմայով քննարկմանը:

«Ժողովրդավարական բարեփոխումների հետ մեկտեղ Հայաստանը դիմակայել է արտաքին անվտանգության մարտահրավերներին․ 44-օրյա պատերազմ Լեռնային Ղարաբաղում, ադրբեջանական զորքերի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածքներ 2021-2022 թվականներին և Հայաստանի ինքնիշխան տարածքների ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացիա՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անտարբերության և անգործության պայմաններում։ Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100,000 հայերի հարկադիր տեղահանումը Հայաստանի քաղաքացիների մոտ կասկածի տակ է դրել՝ արդյոք ժողովրդավարությունը ճի՞շտ ընտրություն է, թե՞ գուցե ժողովրդավարությունը նշանակում է ավելի քիչ անվտանգություն»,- ընդգծեց Փաշինյանը:

Ըստ ՀՀ վարչապետի՝ ժողովրդավարությունը պետք է ապացուցի իր արդյունավետությունը անվտանգության, տնտեսական և հումանիտար մարտահրավերներին դիմակայելու հարցում: 

«Մենք հույս ունենք տեսնել, որ համաշխարհային ժողովրդավարությունը կանգնած է մեր կողքին՝ լուծելու այդ բոլոր մարտահրավերները: Մենք գոհ ենք հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումից և ողջունում ենք ԵՄ-ի որոշումը՝ ընդլայնելու առաքելության կարողությունները»,- ասաց վարչապետը՝ հույս հայտնելով, որ Հայաստանը կընդգրկվի նաև եվրոպական խաղաղության հիմնադրամի ծրագրերում, և որ այս առումով Երևանն ապավինում է ԵՄ անդամ երկրների աջակցությանը:

Վարչապետ Փաշինյանը նաև անդրադարձավ Բրյուսելում ապրիլի 5-ին կայացած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպմանը․

«Եվրամիությունը և Միացյալ Նահանգները ստանձնել են Հայաստանի տնտեսական դիմակայունության, պետական հաստատությունների և Լեռնային Ղարաբաղից փախստականների մարդասիրական կարիքների լուծմանն ուղղված պարտավորությունների նոր փաթեթ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և իմ բարձր մակարդակի հանդիպման ժամանակ, որը տեղի ունեցավ ապրիլի 5-ին Բրյուսելում»,- հայտարարեց վարչապետն ու ընդգծեց, որ այդ պարտավորությունների արագ և արդյունավետ իրականացումը չափազանց կարևոր է։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am