Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Անհամբեր սպասում ենք Հայաստանին խաղաղության եվրոպական հիմնադրամում ներառելու ԵՄ-ի որոշմանը․ Փաշինյան

Անհամբեր սպասում ենք Հայաստանին խաղաղության եվրոպական 
հիմնադրամում ներառելու ԵՄ-ի որոշմանը․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանն այժմ անհամբեր սպասում է Հայաստանին եվրոպական խաղաղության հիմնադրամում ներառելու Եվրամիության որոշմանը։ Փաշինյանը նաև հույս է հայտնել, որ կմեկնարկեն ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետն այս մասին խոսել է  Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովի շրջանակներում  «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (“From the frontline: Armenia’s defence of democracy”) թեմայով քննարկման ընթացքում՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններին և դրանց հեռանկարներին։

«Դուք գիտեք, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է։ Հիմա մենք ֆորմալ առումով ՀԱՊԿ անդամ ենք, բայց ես հայտարարեցի, որ սառեցրել ենք մեր մասնակցությունը»,- շեշտեց Փաշինյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանի և կազմակերպության հարաբերությունների խնդիրն ու ճգնաժամը ծագել էր այն պահից, երբ ադրբեջանական զորքերը ներխուժել էին Հայաստան, և ՀԱՊԿ կազմակերպության ընթացակարգերի համաձայն՝ անդամ երկրները պետք է աջակցեին և օգնեին Հայաստանին այս իրավիճակում:  

«Բայց նույնիսկ պաշտոնական խնդրանքներից հետո ՀԱՊԿ-ն հրաժարվեց կոնկրետ քայլեր անել, և իրականում դա է հիմնական պատճառը, որ մենք սառեցրել ենք մեր մասնակցությունը  ՀԱՊԿ-ի աշխատանքներին բոլոր մակարդակներում»,- հայտնեց վարչապետը։

Անդրադառնալով մոդերատորի այն հարցին, թե այդ իրադարձությունների լույսի ներքո ակնկալո՞ւմ է արդյոք Երևանը, որ Արևմուտքը կապահովի Հայաստանի անվտանգությունը՝ վարչապետ Փաշինյանը պատասխանել է․

«Գիտեք, մեր քաղաքականությունն է դիվերսիֆիկացնել մեր արտաքին հարաբերությունները բոլոր ոլորտներում։ Հիմա մենք անվտանգության ոլորտում որոշակի համագործակցություն ենք ստեղծում Հնդկաստանի, Ֆրանսիայի, այլ երկրների հետ, և այժմ մենք ինչ-որ համագործակցություն ունենք Եվրամիության հետ, քանի որ, ինչպես ասացի, մենք ուրախ ենք Ադրբեջանի հետ մեր սահմանին եվրոպական մոնիտորինգի, քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայմամբ»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ դա քաղաքացիական առաքելություն է, բայց մյուս կողմից դա մի տեսակ նոր գործոն է տարածաշրջանի անվտանգության համար, և առաջին անգամն է, որ Եվրամիությունը ինչ-որ կերպ ներգրավված է ՀՀ անվտանգության օրակարգում։

Վարչապետ Փաշինյանը նշեց, որ Հայաստանն այժմ անհամբեր սպասում է Հայաստանին եվրոպական խաղաղության հիմնադրամում ներառելու Եվրամիության որոշմանը։

«Հույս ունենք, որ կսկսենք վիզաների ազատականացման բանակցությունները: Իսկ անցյալ տարի Եվրախորհրդարանում հայտարարեցի, որ Հայաստանը պատրաստ է Եվրամիությանը մոտ լինել այնքան, որքան դա հնարավոր է համարում Եվրամիությունը»,- ասաց վարչապետն՝ ընդգծելով, որ  դա Հայաստանի դիրքորոշումն է, որը եղել է և հիմա էլ կա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am