Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Քաղաքաշինության ոլորտի մասնագետներն ու կազմակերպությունները հավաստագրվում և լիցենզավորվում են էլեկտրոնային հարթակում

Քաղաքաշինության ոլորտի մասնագետներն ու կազմակերպությունները 
հավաստագրվում և լիցենզավորվում են էլեկտրոնային հարթակում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տարեսկզբից մեկնարկել են քաղաքաշինության ոլորտումկատարված օրենսդրական փոփոխություններով նախատեսված՝ մասնագետների հավաստագրման և կազմակերպությունների լիցենզիաների դասակարգման  գործընթացները։

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի լիցենզավորման վարչության պետ Նշան Մարտիրոսյանը։

8D1A9715.JPG (444 KB)

«Մասնագետների հավաստագրումն իրականացնում ենք հիմնականում երկու ուղղություններով՝ առաջինն այն անձանց, ովքեր նախկինում ներգրավված են եղել լիցենզիաների ներդիրներում, և երկրորդը՝ այն մասնագետներին, որոնք ներգրավված են լիցենզավորված կազմակերպություններում, բայց պատասխանատու անձ չեն հանդիսանում։ Երկու խմբի մասնագետներն էլ պետք է ներկայացնեն կատարված առնվազն մեկ աշխատանք, իսկ ներդիրում չընդրգկված մասնագետները նաև պետք է կցեն իրենց ներգրավվածությունը տվյալ կազմակերպության կողմից իրականացված աշխատանքներում հիմնավորող փաստաթուղթ։ Կախված կատարած աշխատանքի ծավալից, բարդությունից, օբյեկտների ռիսկայնության աստիճանից՝ մասնագետներին շնորհվում է 1-ին, 2-րդ կամ 3-րդ կարգի հավաստագիր»,-պարզաբանեց Մարտիրոսյանը՝ հավելելով, որ արդեն իրականացվել է մոտ 200 մասնագետների հավաստագրում։

Հաջորդ քայլը կազմակերպությունների լիցենզավորումն է, որը վերջերս արդեն մեկնարկել է։

Նա շեշտեց, որ գործող կազմակերպությունների համար սահմանվել է վերջնաժամկետ՝ մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 17-ը, որի ընթացքում նրանք պետք է հասցնեն դիմել վերալիցենզավորման՝ ստանալով համապատասխան դասի լիցենզիա։

Հակառակ դեպքում վերջնաժամկետից հետո այն կդադարի գործել։

Մասնագետների հավաստագրման և կազմակերպությունների լիցենզավորման գործընթացներն ամբողջությամբ իրականացվում ենթվային եղանակով` Urban.e-gov.am համակարգի միջոցով։ Հավաստագիրը և լիցենզիան տրամադրվում են էլեկտրոնային տարբերակով և ունեն հսկիչ կոդեր, որոնք ցանկացած պահի կարող են ստուգվել պատվիրատուների կողմից։

8D1A9806.JPG (346 KB)

«Մինչև սեպտեմբերի 17-ը չհասցնելու կամ օրենսդրական չափորոշիչներին չհամապատասխանելու դեպքում, բոլոր կազմակերպություններն էլ հնարավորություն ունեն նոր լիցենզիա ստանալու համար ցանկացած ժամանակ ընդհանուր սկզբունքով նոր հայտ ներկայացնել։ Հավաստագիրը և լիցենզիան տրամադրվում են 5 տարի ժամկետով»,-պարզաբանեց մեր զրուցակիցը։

Ըստ Մարտիրոսյանի՝ ընդհանուր առմամբ հավաստագրումը մասնագետի դերակատարումը բարձրացնելուն է միտված, որպեսզի նա աշխատանքներն իրականացնի առավելագույն պատասխանատվությամբ և ունենա անհրաժեշտ մասնագիտական պատրաստվածություն։ Օրենքով սահմանված իրավունքները և պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ իրականացնելու համար մասնագետները կկրեն վարչական պատասխանատվություն։

8D1A9802.JPG (398 KB)

Ներկայումս մշակվում են նաև էթիկայի կանոններմասնագետների գործունեությունը կանոնակարգելու, իսկ լիցենզավորված անձանց համար մշակվում են որակի գնահատման չափորոշիչներ, որոնց հիման վրա կիրականացվի նրանց վարկանիշավորում։ Մասնագետները հնգամյա շրջափուլում պետք է հաղթահարեն սահմանված կրեդիտների նվազագույն քանակը։ Այնուհետև իրավունք կունենան հաջորդ  5 տարվա համար դիմել և ստանալ հավաստագիր»,-նշեց Մարտիրոսյանը։

Մասնագետների պատշաճ գործունեության արդյունքներն ազդում են ինչպես մասնագետների հետագա հավաստագրման, այնպես էլ լիցենզավորված անձանց վարկանիշավորման վրա։

Ինչ վերաբերում է լիցենզիաների դասակարգմանը, ապա դա հնարավորություն կտա պատվիրատուին ճիշտ ընտրել այն կազմակերպություններին, որոնք կկարողանան իրականացնել համապատասխան աշխատանքները՝ օբյեկտի ռիսկայնության աստիճանից կախված։ Սկսնակ կազմակերպություններն առաջին անգամ դիմելով կստանան ցածր դասի լիցենզիա, իսկ հետագայում փորձ ձեռք բերելով՝ հնարավորություն կունենան դիմելու ավելի բարձր դասերի համար։

Խոսելով ներկայացվող փաստաթղթերի անհամապատասխանության պատճառով  հավաստագրման մերժումների դեպքերից, Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչը հայտնեց, որ հիմնականում գործող լիցենզիաներով պատասխանատու անձ հանդիսացողները  չեն կարող հավաստագիր չստանալ, եթե գործունեություն են իրականացրել տվյալ կազմակերպությունում և առնվազն մեկ աշխատանք են ներկայացնում։

«Այդուհանդերձ, երբեմն ցույց են տալիս կատարված աշխատանք ռիսկայնության այնպիսի աստիճանի օբյեկտում, որը չի համապատասխանում իրենց հայտով ներկայացված կարգին։ Այս դեպքում են հիմնականում մերժումները։ Բացի այդ՝ երբեմն իրենց մասնագիտացումները չեն համապատասխանում հայցվող գործունեության տեսակին և ենթատեսակին»,-մանրամասնեց Մարտիրոսյանը։

8D1A9739.JPG (446 KB)

Քաղաքաշինության կոմիտեն սերտ համագործակցում է բուհերի հետ, որոնց շրջանավարտները հանդիսանում են գործընթացի շահառուներ։ Բազային մասնագիտական կրթություն ունենալու, բայց մասնագիտացումների անհամապատասխանության դեպքում հայտատուները հնարավորություն ունեն համապատասխան բուհերում վերաորակավորվելու։ Դրա համար բուհերն  իրականացնում են առանձին ծրագրեր։

Քաղաքաշինության կոմիտեի լիցենզավորման վարչության պետը բոլոր հայտատուներին հորդորեց նախապես ստուգել ներկայացվող կատարված աշխատանքի ռիսկայնության աստիճանի ավարտական փաստաթղթերը՝ համոզվելու, որ դրանք համապատասխանում են հայտով նշված հավաստագրի կարգին կամ լիցենզիայի դասին։

Միաժամանակ հավաստագրման համար դիմողների դիպլոմները, կրթական աստիճանը ևս պետք է համադրվեն Կոմիտեի նախագահի 2023 թվականի 06-Ն հրամանով հաստատված աղյուսակով սահմանված մասնագիտացումների հետ, որպեսզի համոզված լինեն, որ այդ մասնագիտությունն իրենց հայտով ներկայացված գործունեության տեսակին ու ենթատեսակին համապատասխան է։

Հայտում ի հայտ եկած տեխնիկական վրիպակների,անհամապատասխանությունների առկայությունների դեպքում հայտը վերադարձվում է խմբագրման։ Շտկումների համար տրվող հնգօրյա ժամկետը չպահպանելը ևս մերժման հիմք է հանդիսանում, ուստի, Մարտիրոսյանի խոսքով, հայտատուները պետք է ուշադիր լինեն urban.e-gov.am հարթակի  «Ծանուցումներ» բաժնին և իրենց էլեկտրոնային փոստի հասցեին, որպեսզի սահմանված ժամկետում կատարեն ուղղումներ։

 

Urban.e-gov.am համակարգ մուտք գործելիս դիմողներն անցնում են խիստ նույնականացում «Ես եմ» հարթակում՝ բջջային նույնականացման քարտի կամ նույնականացման քարտի միջոցով։ Համակարգը փոխկապակցված է էլեկտրոնային տարբեր համակարգերի, պետական կառույցների և բուհերի տվյալների բազաների հետ, ինչը դյուրացնում է հայտի ներկայացման գործընթացը՝ տվյալների զգալի մասի մուտքագրումը դարձնելով ինքնաշխատ։

 

Նշան Մարտիրոսյանը գործող կազմակերպությունների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ urban.e-gov.am հարթակի միջոցով նախ անհրաժեշտ է դիմել լիցենզիայի դասը որոշելու համար, այնուհետև լրացնել առանձին հայտ լիցենզիայի ներդիրի համար՝ հավաստագրված մասնագետների ռեեստրից ընտրելով համապատասխան կարգի մասնագետին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am