Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը 
Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը մայիսի 14-ին միաձայն (74 կողմ ձայն՝ 74 ներկա պատգամավորներից) հավանություն է տվել յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ը «Հայոց ցեղասպանության հիշատակի օր» հռչակող օրենքի նախագծին, որը պետական բոլոր հեռուստա և ռադիոալիքներին պարտավորեցնում է յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին միաժամանակ անդրադառնալ Հայոց ցեղասպանության թեմային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է DiarioArmenia-ն։

Նշվում է, որ այս նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին, ուստի, եթե Գործադիրի կողմից որևէ դիտարկում չլինի, այն որպես օրենք կհրապարակվի առաջիկա օրերին։

Հավանության արժանացած օրինագիծն իր միակ հոդվածով սահմանում է, որ յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ը հայտարարվում է «Հայոց ցեղասպանության հիշատակի օր»՝ ռադիոյի և բաց հեռուստատեսության տեսալսողական բովանդակության հեռարձակման, բաժանորդների համար՝ հեռուստատեսության սեփական ազդանշաններով և հեռուստատեսային ծառայություններով։

Նախագիծը ներկայացրել են խորհրդարանականներ Նազմի Կամարգոն, Մարիա Եվգենիա Ռոսելոն, Խուան Մարտին Ռոդրիգեսը  և Միկաելա Մելգարը:

Պատգամավորներ Պեդրո Ջիսդոնյանը, Կառլոս Վարելան, Ռաֆայել Մենենդեսը, Իվան Պոսադան, Մարիա Եվգենիա Ռոսելոն, Ֆելիպե Ալգորտան, Ուգո Կամարան, Ուբալդո Այտան և Խուան Մարտին Ռոդրիգեսը մասնակցել են խորհրդարանական բանավեճին՝ հօգուտ նախագծի։

Իրենց ելույթների ընթացքում նրանցից մի քանիսը դատապարտել են այն ձևը, որով Թուրքիայի ժխտողականությունը և նրա անպատժելիությունը խթանել են Ադրբեջանի հանցագործությունները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակիչների նկատմամբ վերջին տարիներին, ներառյալ հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը:

Ըստ աղբյուրի՝ երկու պալատների կողմից հաստատված նախագիծը հիմնված է Ավետարանական եկեղեցու դոկտոր Գուստավո Վանեսկահյանի նախաձեռնության վրա, որը հրապարակային դառնալուց հետո ստացել է հայ համայնքի տարբեր հաստատությունների, այդ թվում՝ Ուրուգվայի Հայ դատի խորհրդի աջակցությունը:

Ուրուգվայի Սենատորների պալատը մայիսի 7-ին միաձայն կողմ էր քվեարկել յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ը «Հայոց ցեղասպանության հիշատակի օր» հռչակող օրենքի նախագծին, որը պետական բոլոր հեռուստա և ռադիոալիքներին պարտավորեցնում է յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին միաժամանակ անդրադառնալ Հայոց ցեղասպանության թեմային:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am