Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

ՀՊՏՀ կազմակերպած աշխատանքի տոնավաճառին շուրջ 70 գործատու ավելի քան 500 աշխատատեղ ներկայացրեց

ՀՊՏՀ կազմակերպած աշխատանքի տոնավաճառին շուրջ 70 գործատու ավելի քան 
500 աշխատատեղ ներկայացրեց

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախաձեռնությամբ մայիսի 15-ին բուհի բակում կազմակերպվեց աշխատանքի հերթական տոնավաճառը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արդեն չորրորդ տարին անընդմեջ կազմակերպված աշխատանքի տոնավաճառին մասնակցող շուրջ 7 տասնյակ գործատու այս տարի ներկայացրեց ընդհանուր առմամբ ավելի քան 500 թափուր հաստիք։

Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի

ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գրիգորյանի խոսքով՝ միջոցառումը մյուս բուհերում կազմակերպվող համանման տոնավաճառներից տարբերվում է նրանով, որ  շեշտադրվում  են պահանջվող մասնագիտական հմտությունները  և մասնավոր հատվածից գործընկերների ներգրավմամբ դրանք ներկայացնելը։

«Մենք ունենք կայուն գործընկերներ, որոնց հետ մշտապես աշխատում ենք այդ ուղղությամբ, այսինքն՝ նրանք ներգրավված են մեր կրթական ծրագրերում՝ մշակման աշխատանքներից մինչև դասավանդում։ Աշխատանքի տոնավաճառի ժամանակ մեր գործընկերները գալիս են և ներկայացնում այն աշխատատեղերը, որոնք այդ պահի դրությամբ թափուր են և համալրման անհրաժեշտություն ունեն»,-ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ բուհում ուշադրության կենտրոնում է աշխատաշուկայում բարձր կուրսերի ուսանողների արագ ինքնաիրացման հանգամանքը, ինչը ՀՊՏՀ-ն դիտարկում է որպես իր մրցակցային առավելություն։

Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի տեղեկատվությամբ՝ աշխատանքի չորս տոնավաճառների արդյունքում համալսարանի բակալավրիատի ավարտական կուրսերի ուսանողների մասնագիտական աշխատանքի անցնելու ցուցանիշը 50-ից հասել է կայուն  74 տոկոսի, իսկ մագիստրոսներինը՝ 90 տոկոսի։

Գրիգորյանը հայտնեց, որ այս տարվա աշխատանքի տոնավաճառն առանձնանում է գործատուների աշխարհագրության փոփոխությամբ, ինչն աշխատաշուկայում տրանսֆորմացիաների արդյունք է։ Գործատուների շարքում այս տարի ընդգրկվել են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներ։

Աշխատանքի տոնավաճառին թափուր աշխատատեղեր ներկայացրեցին ինչպես պետական (ՀՀ նախագահի աշխատակազմ, ՀՀ ֆինանսների նախարարություն և այլն), այնպես էլ մասնավոր հատվածի (արտադրական, բանկային, ապահովագրական, հաշվապահական հաշվառման, աուդիտի, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, արտադրության և այլ ոլորտների)   գործատուներ։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը կարևորեց ուսանողների՝ կրթությանը զուգահեռ մասնագիտական աշխատանքով զբաղվելու հնարավորությունը, ինչն ընձեռվում է նաև աշխատանքի տոնավաճառի միջոցով։

«Սա նաև գործատուի պահանջը հասկանալու հնարավորություն է՝ պատկերացնելու ինչ գիտելիքների պակաս կա և ինչ է անհրաժեշտ սովորել, որ ուսանողը ոչ թե ավարտելուց հետո սկսի մտածել աշխատանք գտնելու մասին, այլ սովորելու հենց առաջին օրերից»,-համոզմունք հայտնեց Սարգսյանը՝ շեշտելով նման տոնավաճառի նշանակությունը կրթական հաստատություն-աշխատաշուկա-գործատու-աշխատող կապի ամրապնդման գործում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am