Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

ԵՊՀ-ի և ԱՊՀ երկրներում Kotler Impact-ի ներկայացուցիչ AWE Consulting-ի միջև ստորագրվեց հուշագիր

ԵՊՀ-ի և ԱՊՀ երկրներում Kotler Impact-ի ներկայացուցիչ AWE Consulting-ի միջև 
ստորագրվեց հուշագիր

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական համալսարանը և ԱՊՀ երկրներում «Kotler Impact» ընկերության բացառիկ ներկայացուցիչ «AWE Consulting» ՍՊԸ-ն ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ համատեղ ծրագրերի իրականացման նպատակով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուշագիրը ստորագրեցին  ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհանիսյանը, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը և ԱՊՀ երկրներում «Kotler Impact» ընկերության բացառիկ ներկայացուցիչ «AWE Consulting» ՍՊԸ-ի տարածաշրջանի տնօրեն Մերի Գրիգորյանը:

Հուշագրի նպատակն է կողմերի միջև հաստատել  գործընկերային հարաբերություններ և իրականացնել համատեղ մի շարք  ծրագրեր: Համագործակցության արդյունքում կհրատարակվի «Ժամանակակից մարքեթինգի հիմունքները. Հայաստանի հրատարակություն» գիրքը:

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը, կարևորելով նման համագործակցությունը, նշեց, որ այն կօգնի ուսանողների համար տարբեր մարքեթինգային միջոցառումներին մասնակցելու հնարավորություններ ստեղծել: 

«Նախատեսվում է հայկական մարքեթինգային ընկերությունների անցած ճանապարհի և պատմության հիման վրա դասագիրք մշակել, որի ստեղծմանը կմասնակցի  ֆակուլտետի անձնակազմը: Այնուհետ հնարավորություն ենք տալու ուսանողներին սովորել այդ ուսումնական ձեռնարկով, քանի որ մինչ այս մարքեթինգի հետ կապված տարբեր դասընթացների ընթացքում  ֆակուլտետում ուսանողներին ներկայացվել են միջազգային խոշոր ընկերությունների օրինակները: Ձեռնարկը առանձնանում է հենց դրանով, քանի որ շատ կարոր է, որպեսզի մեր ուսանողները ծանոթանան նաև հայկական ընկերությունների հաջողության պատմություններին և մոտեցումներին»,-ասաց Խաչատրյանը:

ԱՊՀ երկրներում «Kotler Impact» ընկերության բացառիկ ներկայացուցիչ «AWE Consulting» ՍՊԸ-ի տարածաշրջանի տնօրեն Մերի Գրիգորյանի խոսքով՝ այն հաջողության պատմությունները, որոնք կտպագրվեն ձեռնարկում, կվերամշակվեն ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի կողմից և կունենան ակադեմիական բովանդակություն:

«Գիրքը լույս է տեսնելու երկու լեզուներով: Սկզբում կտպագրվի  անգլերեն տարբերակը՝ մոտ 10 հազար օրինակով: Այն վաճառվելու է ամբողջ աշխարհում, այնուհետև թարգմանվելու է հայերեն, որից հետո հույս ունենք, որ կկարողանանք գիրքը ներառել հայկական բոլոր բուհերի կրթական ծրագրերում»,- նշեց  Մերի Գրիգորյանը:

Համագործակցության արդյունքում ԵՊՀ ուսանողները կստանան նաև «Մարքեթինգի համաշխարհային գիտաժողով»-ի մասնակցության տոմսեր:

Լուսանկարները՝ Հայկ Հարությունյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am