Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Հայաստանը կառուցողականորեն ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման ուղղությամբ քննարկումներում. Միրզոյանը՝ Բուրիչի հետ հանդիպմանը

Հայաստանը կառուցողականորեն ներգրավված է տարածաշրջանային 
կապուղիների ապաշրջափակման ուղղությամբ քննարկումներում. Միրզոյանը՝  
Բուրիչի հետ հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օվիեդոյի կոնվենցիայի ստորագրումից հետո կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հանդիպումը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ տարբեր ոլորտներ կարգավորող ԵԽ կոնվենցիաներին ՀՀ հետևողական միանալը ԵԽ շրջանակներում ՀՀ ներգրավվածության, փոխշահավետ համագործակցության նկատմամբ ՀՀ ամուր հանձնառության վկայությունն է։

«Հայաստանի կառավարությունը շարունակում է իր որդեգրած քաղաքականությունը երկրում օրենքի գերակայության ամրապնդման, ժողովրդավարական բարեփոխումների իրականացման, ինստիտուցիոնալ կարողությունների ավելացման ուղղությամբ, և այդ նպատակով Եվրոպայի խորհուրդը մեզ համար առանցքային՝ հնարավորություններ ընձեռող հարթակ է։»,- ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը։

ԵԽ գլխավոր քարտուղարը շնորհավորել է Հայաստանին Օվիեդոյի կոնվենցիային միանալու կապակցությամբ՝ ողջունելով ԵԽ շրջանակներում ՀՀ փոխգործակցության ավելացմանն ուղղված կարևոր քայլերը:

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵԽ փոխգործակցության օրակարգային այլ հարցեր:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաների: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները, այդ թվում՝ Ալմաթիում կայացած քննարկումները։ Ի թիվս մի շարք գործընկերների կողմից արված արձագանքների վկայակոչելով ԵԽ ԳՔ անդրադարձը երկու երկրների միջև սահմանազատման գործընթացին՝ նախարար Միրզոյանն ընդգծել է 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության աներկբա ճանաչման, սահմանազատման գործընթացում առավելագույն հստակության ապահովման կարևորությունը:

Ի շարունակություն նախորդ քննարկումների՝ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանը կառուցողականորեն ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման ուղղությամբ քննարկումներում՝ որպես հիմք ունենալով ինքնիշխանության ու ազգային իրավազորության հարգման, հավասարության ու փոխադարձության սկզբունքների վրա կառուցված տեսլականը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am