Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Հայտնի են Էդվարդ Միրզոյանի անվան հանրապետական 11-րդ մրցույթի հաղթողները

Հայտնի են Էդվարդ Միրզոյանի անվան հանրապետական 11-րդ մրցույթի 
հաղթողները

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 11-րդ մրցույթում հաղթել են Էդգար Մխիթարյանն ու Հայկ Ջուլհակյանը:

Միրզոյան մրցույթ (1).jpg (376 KB)

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կոմպոզիտորների միությունից հայտնում են, որ մրցույթին մասնակցել է 16 հայազգի պատանի կոմպոզիտոր Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից:

Մրցութային երկու փուլերի ընթացքում կրտսեր խմբի (մինչև 13 տարեկան) մասակիցները ներկայացրել են մեկ հայալեզու երգ՝ գրված հայ բանաստեղծի տողերի հիման վրա, և մեկ՝ մինչև 5 րոպե տևողության մենանվագ ստեղծագործություն, իսկ ավագ խմբի (14-18 տարեկան) մասնակիցները՝ մեկ անսամբլային (մինչև չորս գործիքի համար) և ցանկացած գործիքի համար մեկ մենանվագ ստեղծագործություն (մինչև 10 րոպե տևողության):

Մայիսի 15-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայացել է մրցույթի գալա համերգն ու մրցանակաբաշխությունը, որի ընթացքում հնչել են մրցանակակիրների ստեղծագործությունները: Կրտսեր խմբում առաջին հորիզոնականը զբաղեցրել է  Հայկ Ջուլհակյանը (դաս.՝ Արփինե Կալինինա), երկրորդ հորիզոնականը՝  Վիլյամ Չիլինգարյանը (դաս.՝ Վահագն Վարդանյան), իսկ երրորդ հորիզոնականը՝ Գագիկ Ավետիսյանը (դաս.՝ Արմենուհի Կարապետյան): Խրախուսական պատվոգրի է արժանացել մրցույթի ամենափոքր մասնակիցը՝ 8-ամյա Արիանա Ավետիսյանը (դաս.՝ Արմենուհի Կարապետյան): Ավագ խմբում և՛ երկրորդ, և՛ երրորդ հորիզոնականներում մրցանակներ են տրվել երկուական մասնակիցների: Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Սյուզաննա Աղամալյանը (դաս.՝ Նաիրա Դիվանյան) և Արեն Աբգարյանը (դաս.՝ Աշոտ Ղազարյան), իսկ երկրորդ հորիզոնականը՝ Գայանե Մխչյանը (դաս.՝ Արամ Հովհաննիսյան) և Վիկտորյա Ուլիխանյանը (դաս.՝ Սաթենիկ Հակոբյան): Ավագ խմբում հաղթող է ճանաչվել Էդգար Մխիթարյանը (դաս.՝ Մարիա Ղուշչյան):

Բոլոր մասնակիցները ստացել են խրախուսական նվերներ, պատվոգրեր, ոլորտի անվանի գործիչների հետ վարպետության դասերին մասնակցելու հնարավորություն, իսկ մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցները՝ նաև մրցույթի անվանական գավաթներ: Հաղթողները ստացել են նաև դրամական պարգևներ: Դրամական պարգևների են արժանացել նաև մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցների ուսուցիչները:

Ժյուրիի կազմում են եղել Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Արամ Սաթյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ տեսական ֆակուլտետի դեկան, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր Ռուբեն Ասատրյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, երաժշտագետ Աննա Ասատրյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ԵՊԿ ջազ/փոփ երաժշտության ամբիոնի վարիչ, կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, կոմպոզիտոր Էդուարդ Հայրապետյանը, Էդվարդ Միրզոյանի անվան հանրապետական մրցույթի գեղարվեստական ղեկավար Էդմոնդ Մակարյանը:

Մրցույթն անցկացվել է Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am