Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ

ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական 
թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մայիսի 15-ին տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Հայկական կողմից դրանք վարել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, իսկ հորդանանյան կողմից՝ արտաքին գործերի և սփյուռքի նախարարության գլխավոր քարտուղար Մաջիդ ալ-Կատարնեն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Հորդանանի միջև երկկողմ քաղաքական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը՝ երկուստեք կարևորելով բարձրաստիճան այցելությունները և զանազան միջազգային հարթակներում պարբերական հանդիպումները։

«Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների միջև առևտրատնտեսական, ՏՏ և էլեկտրոնային կառավարման բնագավառներում, զբոսաշրջության, գիտության ու կրթության, մշակույթի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարների, ինչպես նաև՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության խորացման վերաբերյալ:

Կողմերն իրենց մտահոգությունն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում՝ «Կովերի պարտեզ» տարածքի շուրջ ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ՝ դեմ արտահայտվելով ցանկացած գործողության, որը կհանգեցնի Հին քաղաքի Status Quo-ի փոփոխությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հորդանանյան պատվիրակությանը ներկայացրել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու հարցում ՀՀ կառավարության կողմից գործադրվող ջանքերը, վերջերս այդ նպատակով մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ շեշտը դնելով հաղորդակցման կապուղիների վերաբացման հիմքում դրված ինքնիշխանության, ազգային իրավազորության, փոխադարձության և հավասարության առանցքային սկզբունքների վրա:

Նա շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցում ձեռք բերված պայմանավորվածության վերաբերյալ Հորդանանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության առնչությամբ:

Նշվում է, որ հորդանանյան կողմն իր հերթին ներկայացրել է Մերձավոր և Միջին Արևելքի տարածաշրջանում անվտանգային հարցերը, մասնավորապես՝ Գազայում պատերազմի, Սիրիայի ճգնաժամի և դրանց հետ առնչվող մի շարք հիմնախնդիրների վերաբերյալ պաշտոնական Ամմանի տեսլականը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am