ՀՀ ԱԺ պատգամավորը խոսել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնության անհրաժեշտության մասին

Armenpress 21:01, 29 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 29  ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Աննա Գրիգորյանը IRNA-ին տված հարցազրույցում ընդգծել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնագրի անհրաժեշտությունն ընդհանուր անվտանգային խնդիրների լուծման համար։

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝  ապրիլի 29-ին հրապարակված հարցազրույցում ՀՀ ԱԺ պատգամավորը  համոզմունք է հայտնել, որ երկու երկրների հարաբերությունների զարգացման ներուժը շատ մեծ է։ Նա ընդգծել է Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման վերաբերյալ Իրանի բազմաթիվ հայտարարությունները։

Գրիգորյանը նշել է, որ, չնայած Հայաստանի տարածքային ամբողջականությանն աջակցող Իրանի խիստ հայտարարություններին, ներկայում երկու երկրները չունեն որևէ կոնկրետ ռազմական համաձայնություն։

Պատգամավորը համոզմունք է հայտնել, որ տարածաշրջանային սահմանների պահպանման հարցում Իրանի դիրքորոշումը չի փոխվի, քանի որ այս հարցը նրա համար «կարմիր գիծ» է՝ ելնելով իր ազգային շահերից։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am