ՖԱԹՀ-ը և ՀԱՄԱՍ-ը Պեկինում հանդիպման ընթացքում հաշտության հասնելու ձգտում են արտահայտել

Armenpress 15:25, 30 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինյան ՖԱԹՀ և ՀԱՄԱՍ շարժումների ներկայացուցիչները Պեկինում կայացած խորհրդակցություններում ցանկություն են հայտնել հասնել հաշտության՝ հանուն պաղեստինյան միասնության: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, ապրիլի 30-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։

Նա ասել է, որ չինական կողմի հրավերով մի քանի օր առաջ Պեկին են ժամանել ՖԱԹՀ-ի և ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները՝ «որպեսզի խորացված և անկեղծ երկխոսություն վարեն ներպաղեստինյան հաշտեցմանն աջակցելու շուրջ»։

Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ կողմերը համաձայնության են եկել՝ շարունակելու երկխոսությունը և ձգտելու պաղեստինյան միասնության շուտափույթ ձեռքբերման։

Լին Ցզյանը նաև նշել է, որ ՖԱԹՀ-ի և ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները «քննարկել են բազմաթիվ կոնկրետ հարցեր և հասել առաջընթացի»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am